Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, այսօր ելույթ ունենալով կազմակերպության գլխավոր համաժողովում, անդրադարձել է Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայաններ վերջերս կատարած իր այցելություններին։
Ռուսական Կուրսկի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը նա «լուրջ» է գնահատել։
Օգոստոսի սկզբին ուկրաինական ուժերը հարձակվել են Ռուսաստանի Կուրսկի մարզի վրա և մինչև հիմա տարածքներ ու բնակավայրեր են պահում իրենց վերահսկողության տակ։
Եվրոպայի ամենախոշոր՝ Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանի մասին, որը պատերազմի սկզբից գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության ներքո, Գրոսսին ասել է, որ գործակալության մասնագետների արդեն 23 հերթափոխ է կատարվել, և նրանք աշխատում են միջազգային հանրությանը տեղյակ պահել տեղում տիրող իրավիճակի մասին։
Գրոսսին հայտարարել է, որ ոչ մի խաղաղ ատոմակայան, անկախ գտնվելու վայրից, ոչ մի դեպքում չպետք է հարձակման ենթարկվի։