Ներխուժումն Ուկրաինա ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, Կազանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
BRICS-ի գագաթնաժողովի արդյունքներով ՄԱԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Գուտերեշը վերահաստատել է վերջին՝ 2022-ի ապրիլի հանդիպման ժամանակ ռուսական ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը։
ՄԱԿ-ի ղեկավարն, ում այցը տեղի է ունենում Ռուսաստանի կողմից ուկրաինական քաղաքների և ենթակառուցվածքների վրա շարունակվող հարձակումների ֆոնին, հանդիպումից առաջ ձեռք սեղմելով լուսանկարվել է Պուտինի հետ։
Ավելի վաղ Պուտինի ներկայությամբ գագաթնաժողովի պատվիրակների առջև ելույթում Գուտերեշը կոչ էր արել «արդար խաղաղություն» հաստատել Ուկրաինայում։
«Մեզ խաղաղություն է պետք Ուկրաինայում: Արդար խաղաղություն՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և Գլխավոր ասամբլեայի բանաձևերի վրա», - ասել է Գուտերեշը, ում ներկայությունը գագաթնաժողովին առաջացրել է Կիևի զայրույթը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մերժել է Ուկրաինայի հրավերը մասնակցելու Շվեյցարիայում առաջին գլոբալ խաղաղության գագաթնաժողովին», - հոկտեմբերի 22-ին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարությունը՝ հավելելով՝ «սակայն նա ընդունեց ռազմական հանցագործ Պուտինի հրավերը: Սա սխալ ընտրություն է։ Դա չի նպաստում խաղաղությանը, այլ միայն վնաս է հասցնում ՄԱԿ-ի հեղինակությանը»:
Ռուս ընդդիմադիր գործիչ Յուլիա Նավալնայան նույնպես քննադատել է Գուտերեշին Պուտինի հետ հանդիպման համար՝ Կրեմլի ղեկավարին անվանելով «մարդասպան»:
«Պատերազմի երրորդ տարին է, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սեղմում է մարդասպանի ձեռքը», - գրել էր Նավալնայան X-ում՝ տեղադրելով Գուտերեշին ողջունող Պուտինի լուսանկարը։
Կազանի եռօրյա գագաթնաժողովին մասնակցել են BRICS-ի երկրների՝ Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչներ, ինչպես նաև 36 այլ երկրների, այդ թվում՝ Իրանի, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարներ կամ ներկայացուցիչներ։
Վերլուծաբանները նշում են, որ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը նաև Պուտինի յուրօրինակ ուղերձն էր Արևմուտքին, որ Մոսկվան մեկուսացած չէ համաշխարհային հարթակում, թեև Ուկրաինա ներխուժման պատճառով Արևմուտքը փորձում է մեկուսացնել Ռուսաստանին: