ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թալսի Գաբարդը հինգշաբթի երեկոյան հայտարարել է Դեմոկրատական ներկուսակցական ընտրարշավից դուրս գալու և նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին աջակցելու մասին: Գաբարդը նման բովանդակության տեսաուղերձ է զետեղել Twitter-ի իր էջում:
«Այսօր ես դադարեցնում եմ նախագահական քարոզարշավս և երկրի միավորման գործում իմ լիակատար աջակցությունն եմ առաջարկում փոխնախագահ Ջո Բայդենին», - նշում է Գաբարդը:
Իրաքի պատերազմի 39-ամյա վետերան Գաբարդը Դեմոկրատական ներկուսակցական ընտրարշավում մնացած միակ կին թեկնածուն էր: Փրայմերիների նախորդ փուլերում, սակայն, Գաբարդն աննշան թվով քվեներ էր ստացել:
ԱՄՆ Կոնգրեսում Հավայան կղզիները ներկայացնող Թալսի Գաբարդը հայտնի է նաև ամերիկահայ կազմակերպությունների հետ իր ակտիվ կապերով: 2017 թվականի սեպտեմբերին նա ամերիկացի կոնգրեսականների պատվիրակության կազմում այցելել էր Լեռնային Ղարաբաղ: