Մատչելիության հղումներ

ԱՄՆ օրենսդիրները Թրամփին կոչ են անում չեղարկել «Ազատություն» ռ/կ-ի և մյուս ԶԼՄ-ների ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը


ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում, մայիս, 2022թ.
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում, մայիս, 2022թ.

Տասնյակ ամերիկացի օրենսդիրներ մարտի 25-ին նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել չեղարկել ԱՄՆ Գլոբալ մեդիա գործակալությունը (USAGM) փակելու մասին իր հրամանագիրը՝ պնդելով, որ այդ քայլը վնասակար ազդեցություն կունենա իր հեռարձակողների, այդ թվում ՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի վրա և միայն կօգնի ԱՄՆ հակառակորդներին, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան:

Թրամփին ուղղված նամակում, որը ստորագրել են Կոնգրեսի ավելի քան 40 անդամներ, ասվում է, որ USAGM-ի փակումը կվնասի նաև ԱՄՆ հեղինակությանը և նրա գլոբալ դիրքին ամբողջ աշխարհում:

«Եթե ավելի ուղիղ, դա միլիոնավոր մարդկանց՝ Հավանայից մինչև Կարակաս, Մինսկից մինչև Թեհրան՝ փակ և սահմանափակված միջավայրերում, կթողնի իրենց շրջապատող աշխարհի մասին տեղեկատվություն ստանալու նվազ հնարավորություններ», - ասված է նամակում, - «Մենք խստորեն կոչ ենք անում Ձեզ վերանայել այս հրամանագիրը և ապահովել, որ ԱՄՆ Գլոբալ մեդիա գործակալության և նրա հեռարձակողների կարևոր աշխատանքը շարունակվի»:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի ենթակոմիտեի բարձրաստիճան անդամ, Բիլ Քիթինգը (դեմոկրատ Մասաչուսեթս նահանգից) հայտարարել է, որ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, «Ամերիկայի ձայնը», «Ազատ Ասիա» ռադիոկայանը և այլ լրատվամիջոցներ, որոնք վերահսկվում են USAGM-ի կողմից, «ծառայում են որպես փափուկ ուժի կենսական գործիքներ», որոնք թույլ են տալիս փակ հասարակությունների մարդկանց օգտվել հավաստի և օբյեկտիվ տեղեկատվությունից:

«Նրանց աշխատանքն այնքան արդյունավետ է, որ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռեժիմները դատապարտել են այն որպես ազգային անվտանգության սպառնալիք», - նշել է Քիթինգը մամուլի հաղորդագրության մեջ, որում նա Թրամփի մարտի 14-ի հրամանը անվանել է «անխոհեմ» և ասել, որ այն «խրախուսում է ԱՄՆ հակառակորդներին, որոնք սարսափում են վստահելի ԶԼՄ-ներից»:

Նամակում ասվում է, որ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները միասին պատմական և առանցքային դեր են խաղում ազատ կամ բաց մեդիա միջավայր չունեցող երկրներում նորությունների ազնիվ և համակողմանի լուսաբանման ապահովման գործում:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի փակումը թույլ կտա Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի և Կենտրոնական Ասիայի կառավարություններին տարածել ռեժիմի քարոզչության վերաբերյալ իրենց սեփական մոտեցումները՝ չվախենալով պատասխանատվության ենթարկվել մրցանակակիր «Ազատության» առջև, ասված է նամակում:

Նամակն ուղարկվել է նույն օրը, երբ ԱՄՆ դատարանը վճիռ է կայացրել հօգուտ «Ազատություն» ռադիոկայանի՝ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության դեմ դատական գործընթացում՝ պահանջելով ժամանակավորապես կասեցնել լրատվամիջոցը փակելու քայլերը:

ԱՄՆ շրջանային դատավոր Ռոյս Լամբերտը հայտարարել է, որ գործակալությունը «կամայականորեն ու քմահաճորեն»՝ չեղյալ համարելով ռադիոկայանի դրամաշնորհը, և որ այդ գործողությունները ԶԼՄ-ին «անուղղելի վնաս կհասցնեն», եթե իրականացվեին:

«USAGM-ի ղեկավարությունը չի կարող մեկ արտահայտությամբ՝ գրեթե առանց հիմնավորման, ստիպել «Ազատություն» ռադիոկայանին դադարեցնել գործունեությունը, նույնիսկ եթե դա նախագահի հրամանն է», - հայտարարել է դատավորը:

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխոնովսկայան ևս մարտի 25-ին խոսել է «Ազատության» համար եղած սպառնալիքի մասին:

«Ազատ ԶԼՄ -ները մեր կապող օղակն են ճշմարտության, աքսորված մարդկանց և երկրում գտնվողների միջև», - Լիտվայի խորհրդարանում ելույթում հայտարարել է նա, - «Եթե այդ լրատվամիջոցները մահանան, նրանց կփոխարինեն քարոզչական լրատվամիջոցները»:

«Ազատություն» ռադիոկայանը գրասենյակ ունի Լիտվայում, որտեղից լուսաբանում է հարևան Բելառուսի իրադարձությունները: Գրասենյակում աշխատում են բելառուս լրագրողներ, որոնք աքսորվել են 2020 թվականին վիճահարույց ընտրություններից հետո, որոնց ժամանակ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթող է ճանաչվել։ Ընդդիմությունը և արևմտյան շատ կառավարություններ և կազմակերպություններ գտնում են, որ քվեարկության արդյունքները կեղծվել են, և Տիխոնովսկայան է իրականում հաղթել:

Տիխանովսկայան իր թեկնածությունն առաջադրեց այն բանից հետո, երբ նրա ամուսինը՝ Սերգեյ Տիխանովսկին ձերբակալվեց՝ կանխելու նրա թեկնածության գրանցումը: Նա դատապարտվել է 18 տարվա ազատազրկման:


XS
SM
MD
LG