Մատչելիության հղումներ

Եվրո 2024-ն ուղեկցվում է քաղաքական սկանդալներով


Սերբիայի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է վաղաժամ լքել Եվրոպայի առաջնությունը։ Դա տեղի կունենա այն դեպքում, եթե Ֆուտբոլային ֆեդերացիաների եվրոպական ընկերակցությունը՝ UEFA-ն (ՈւԵՖԱ), հրաժարվի պատժամիջոցներ կիրառել Ալբանիայի և Խորվաթիայի դեմ՝ բալկանյան այս երկու հավաքականների միջև երեկ Համբուրգում տեղի ունեցած խաղի ընթացքում արձանագրված միջադեպի պատճառով։

Ոչ ոքի ավարտված խաղի 58-րդ րոպեին խորվաթ և ալբանացի երկրպագուները սկսեցին վանկարկել՝ «սպանեք սերբերին»։

«Այն, ինչ տեղի ունեցավ, սկանդալային է, և մենք պահանջելու ենք, որ UEFA-ն պատժամիջոցներ կիրառի։ Մենք դրան պատրաստ ենք հասնել անգամ այս մրցաշարում մեր մասնակցությունը դադարեցնելու գնով», - հայտարարել է Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Յովան Շուրբատովիչը։

Սերբական կողմի դժգոհությունների ևս մեկ առիթն այն է, որ նախորդ շաբաթ օրը կայացած Սերբիա-Անգլիա խաղից հետո տուգանվել էր սերբական ֆեդերացիան 10 հազար եվրո՝ սերբ երկրպագուների կողմից «Կոսովոն Սերբիայի սիրտն է» վանկարկելու, ևս 4500 եվրո՝ կողմնակի իրեր, մասնավորաբար պլաստիկե շշեր դաշտ նետելու համար։

«Ի տարբերություն Խորվաթիա-Ալբանիա խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի՝ մեր դեպքը շատ ավելի մեկուսացված բնույթ ուներ։ Սերբ երկրպագուների մեծամասնությունը շատ լավ է իրեն պահում։ Չնայած դրան UEFA-ն շտապեց պատժել մեզ», - նշել է Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։

Եվրոպայի առաջնության հետ կապված ևս մեկ քաղաքական սկանդալ ծավալվում է Ֆրանսիայում։ Հունիսի 30-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն կոչ արեց երիտասարդներին մասնակցել ընտրություններին և կանխել ազգայնականների հաղթանակը։

«Ըստ իս՝ մենք մեր երկրի պատմության կարևորագույն մի հանգրվանում ենք։ Եվրոպայի առաջնությունն, իհարկե, կարևոր իրադարձություն է հատկապես մեր պրոֆեսիոնալ կյանքի տեսանկյունից, բայց մենք նախևառաջ Ֆրանսիայի քաղաքացիներ ենք, ուստի ցանկանում եմ դիմել իմ հայրենակիցներին՝ նախևառաջ երիտասարդությանը։ Այսօր մենք տեսնում ենք, որ ծայրահեղականներն իշխանության շեմին են։ Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում երիտասարդներին գնալ տեղամասեր, քվեարկել՝ հասկանալով, թե որքան լուրջ է ստեղծված կացությունը», - ասել է Մբապեն։

Նրա այս հայտարարությանը բավական կոշտ արձագանքեց առաջիկա ընտրությունների գլխավոր ֆավորիտը՝ «Ազգային միավորման» առաջնորդ Ժորդան Բարդելան։

«Երբ դու շատ-շատ բարձր աշխատավարձ ստանալու երջանկությունն ունես, երբ դու միլիոնատեր ես և ամենուր մասնավոր օդանավով ես մեկնում, ապա փոքր-ինչ վիրավորական է, երբ դրա հետ մեկտեղ սկսում ես դասեր տալ ամսական 1400 կամ 1500 եվրո աշխատավարձ ստացող մարդկանց, որոնք այլևս չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել, որոնք իրենց այլևս անվտանգ չեն զգում և ի տարբերություն ոմանց՝ ի վիճակի չեն բնակություն հաստատել անվտանգության գործակալներով և տեսախցիկներով հագեցած թաղամասերում», - նշել է ֆրանսիացի ազգայնականների առաջնորդը։

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, սակայն, պնդում է, թե ինքը չի կարող իր խաղացողներին լռեցնել՝ ստիպելով նրանց չարտահայտել իրենց քաղաքական հայացքները։

«Ֆուտբոլիստները նախևառաջ Ֆրանսիայի քաղաքացիներ են։ Նրանք չեն կարող անտեսել այն իրավիճակը, որ տիրում է երկրում։ Մեր մարզիկները կարող են գալ ասուլիսների սրահ և ցանկացած միտք արտահայտել՝ ելնելով իրենց քաղաքական նախընտրություններից», - ասել է Ֆրանսիայի հավաքականի մարզիչը։

Եվրոպայի առաջնության ոչ բոլոր մասնակիցներն են, սակայն, կիսում այն տեսակետը, թե ֆուտբոլիստները պետք է նախախաղային ասուլիսներն օգտագործեն նաև իրենց քաղաքական հայացքները հանրայնացնելու համար։ Այս կարծիքին է օրինակ՝ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունաի Սիմոնը։

«Մենք հաճախ ենք հանդիպում այդ միտմանը, երբ մարդիկ սկսում են իրենց անձնական կարծիքն արտահայտել։ Ես չգիտեմ՝ արդյոք արժե նման բան անել։ Ես ինքս ֆուտբոլիստ եմ, իմ գործը ֆուտբոլն է, ես այս գործում պրոֆեսիոնալ եմ, և ինձ թվում է, որ միակ թեման, որի շուրջ ես իրավունք ունեմ այս պահին խոսել, ֆուտբոլն է։ Քաղաքականությունը պետք է թողնել այլ մարդկանց կամ կառույցների», - պնդել է իսպանացի դարպասապահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG