Մատչելիության հղումներ

Եթե ՌԴ-ն փոխում է «ռազմավարական խորքն» ապահովող գործընկերոջն Ադրբեջանով, թող ասի. Եղոյան


Եթե ՌԴ-ն փոխում է «ռազմավարական խորքն» ապահովող գործընկերոջն Ադրբեջանով, թող ասի, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Ազատություն». - Վարչապետը հենց եվրոպական ամբիոնից ասել է, թե՝ «պատրաստ ենք մոտ լինել այդ դաշինքին այնքան, որքան եվրամիությունը դա հնարավոր կհամարի»:

Եղոյան. - Այո, Եվրամիությունը ասել է, թե ինչքանով է հնարավոր համարում և այդքանի շրջանակում մենք հիմա առաջ ենք շարժվում:

«Ազատություն». - Այսինքն՝ այնտեղ մեզ չեն սպասում, անդամակցության հայտ մեզնից չեն ակնկալում դեռ:

Եղոյան. - Անդամակցության հայտը, նույնիսկ եթե քաղաքական մակարդակով ակնկալեն, կան տեխնիկական մակարդակի հարցեր, որոնք նախ պետք է լուծես, հետո նոր ներկայացնես, խնդիր չի, կարող ես, ինչպես ցանկացած տեղ կարող ես գրել էդ հայտ ուղարկել, բայց էդ հայտը էնտեղ քննելու են ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաև ֆունկցիոներները, բյուրոկրատներն ավելի փորձագիտական մակարդակում, որովհետև հետո մենք իրենց հետ պիտի նաև գործ ունենանք, ոչ միայն վարչապետերի և խորհրդարանի խոսնակների:

«Ազատություն». - Հայաստանի իշխանությունն ուզո՞ւմ է, որ Հայաստանն անդամակցի Եվրամիությանը, այդ ուղղությամբ քայլեր արվելո՞ւ են:

Եղոյան. - Հայաստանի իշխանությունն անում է ամեն ինչ, որ Հայաստանի Հանրապետությանն ամեն հաջորդ օր լինի ավելի եվրաինտեգրված, քան ամեն նախորդ օրն է, և անդամակցությունն էդ երկար ճանապարհի մի որոշակի հանգրվան է:

«Ազատություն». - Ի դեպ, Ռուսաստանի փոխվարչապետն արդեն շտապել է հետևանքներով զգուշացնել Երևանին, որ Եվրոպական միությունն ու Եվրասիական միությունն անհամատեղելի են և այն օգուտները, որ հիմա Հայաստանը ստանում է Ռուսաստանի հետ, սերտ կապեր ունենալու շնորհիվ նույնպես պետք է ընկալվի, որ դա հենց այն գինն է, որ վճարում ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար:

Եղոյան. - Եվրամիության անդամակցությունը և ԵԱՏՄ անդամակցությունն, այո, անհամատեղելի են, ինչպես ցանկացած 2 մաքսային միությունում անդամակցություն, դա տեխնիկապես ուղղակի հնարավոր չի: Երկրորդ մասում ասում է, որ ԵԱՏՄ-ում ինչքան հասկացա և այլ ձևաչափերում այն ենթադրյալ օգուտները, որ մենք քաղում ենք, դա վճար է իրենց ռազմավարական խորքը պահելու համար. սա պիտի ասեմ, որ բավականին անկեղծ դիտարկում է Ռուսաստանի փոխվարչապետի կողմից և փոքր-ինչ անակնկալ, որովհետև բոլորը էստեղ գիտեինք, թե ՀԱՊԿ-ը և մեր երկկողմ պայմանագրերը փոխադարձաբար իրար անվտանգությանն աջակցելու համար են: Ճիշտ է, Հայաստանը չունի ռազմավարական խորք, բայց մենք նաև ակնկալում էինք իրենց կողմից քայլեր՝ մեր անվտանգությունն ապահովելու համար:

Եթե իրենք քայլեր չէին անում ո՛չ ՀԱՊԿ ձևաչափում, ո՛չ երկկողմ ձևաչափում Հայաստանի Հանրապետությանն սպառնացող և փաստացիորեն իրագործված ագրեսիան սանձելու դեմ, ապա ինչպե՞ս էին ակնկալում, որ մեր անվտանգությունը չապահովելով մենք ունակ կլինենք իրենց ռազմավարական խորքի անվտանգությունն ապահովել: Միգուցե իրենք որոշել են փոխեն իրենց ռազմավարական խորքի անվտանգությունն ապահովող գործընկերոջը, դիցուք, օրինակ, Ադրբեջանով, ինչի մասին էլ բազմաթիվ հայտարարություններ լինում են: Եթե դա է հարցը, թող այդպես էլ ասեն, բայց այդտեղ մեզ մեղադրելու որևէ հիմք ես չեմ տեսնում, թե իբր մենք չենք կատարում պարտավորվածությունների մեր մասը:

XS
SM
MD
LG