Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու՝ Բաքվի հաղորդումները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մի քանի ժամվա տարբերությամբ երկու հաղորդագրություն տարածեց՝ պնդելով, թե այսօր գիշերը 3-ի սահմաններում, նաև՝ երեկ երեկոյան 6-ին մոտ հայկական կողմը հրաձգային զենքից կրակել է Նախիջևանի երկու բնակավայրերի՝ Գանզայի ու Սադարակի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերին։
Երկու դեպքում էլ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտարարությունն ապատեղեկատվություն որակեց։
Նախիջևանին ամենամոտ դիրքերը Հայաստանի Երասխի սահմանին են տեղակայված։ Թե՛ համայնքապետ Վարդան Լևոնյանը, թե՛ բնակիչները «Ազատության» հետ զրույցում միաբերան պնդում էին՝ ո՛չ երեկ երեկոյան, ո՛չ այսօր գիշերը կրակոցների ձայներ չեն լսել:
«Գյուղում եմ եղել, ոչ մի բան էլ չեմ լսել: Կրակոց չի եղել, մեր տարածքում չի եղել, չեմ լսել», - «Ազատությանը» ասաց Երասխի համայնքապետը:
«Ես չեմ լսել, տեղեկություն չունեմ նման հարցի վերաբերյալ, ոչ մի բան էլ չեմ լսել: Ամենամոտիկը մեր մոտ ա, ու սաղ լսվում ա», - ասաց գյուղի մեկ այլ բնակիչ:
Երեք շաբաթից ավելի է՝ սահմանային միջադեպերի մասին ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն տեղեկություններ չէին հաղորդել, վերջին անգամ մեղադրանքներ էին փոխանակել հուլիսի 20-ին՝ Բաքուն պնդել էր, թե հայկական կողմը կրակել է իրենց դիրքերին, Երևանը հայտարարությունը իրականությանը չհամապատասխանող էր որակել:
«Անկասկած է, որ Ադրբեջանի այդ քաղաքականությունը միտված է առնվազն հոգեբանական մակարդակում Երևանին ճնշման տակ պահելուն՝ ոչ միայն քաղաքական ղեկավարությանը, այսպես ասած, այլ նաև՝ հասարակությանը», - «Ազատության» հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
Մշտական ճնշող իրավիճակ ստեղծելուց բացի, Բադալյանը չի բացառում, որ Բաքվի նման հայտարարությունները բանակցություններում ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար են։
Բացի հերքումներից, Հայաստանի պաշտպանության նախարարությունն իր վերջին երկու հայտարարություններում նաև հիշեցրեց դեռ հունիսից հրապարակային ու դիվանագիտական խողովակներով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկի մասին, որը Բաքուն երկու ամսից ավելի է անպատասխան է թողել։
«Արձագանքի բացակայությունը պայմանավորված է հենց դրանով, որովհետև եթե ստեղծվի այդպիսի մեխանիզմ, ապա էապես նվազելու է սահմանային ռեժիմը քաղաքական տարբեր նպատակներով այդպիսի ապատեղեկատվական արշավի միջոցով քաղաքական շարժառիթով օգտագործելու հնարավորությունը: Եվ սա ևս մեկ անգամ վկայում է, որ այդ տեղեկությունները տարածելը Ադրբեջանի համար ունի քաղաքական շանտաժի և քաղաքական սադրանքի նպատակ և ուղղված է դրան», - ընդգծեց քաղաքական վերլուծաբանը:
Բադալյանը կարևորում է միջազգային աջակցությունը հրադադարի խախտման դեպքերի համատեղ հետաքննության գաղափարին։
«Սա ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանը դրա միջոցով անմիջականորեն կսկսի համաձայնել Հայաստանի այս առաջարկին, բայց առնվազն այն, որ հավասարության նշանով արձագանքները կփոխվեն, սա կարող է մեկ աստիճան ավելի զսպող հանգամանք լինել Ադրբեջանի համար՝ շանտաժի այդ գործիքը կիրառելու տեսանկյունից», - ընդգծեց վերլուծաբանը:
Հրադադարը խախտելու Բաքվի մեղադրանքները Երևանում մշտապես մտահոգություն են առաջացնում։ Այս պահին հայ - ադրբեջանական նոր հանդիպում չի նախանշվում, բայց նախկինում դրանք կա՛մ բանակցային խիստ լարված փուլերին են նախորդել, կա՛մ ադրբեջանական ագրեսիային։