Մատչելիության հղումներ

Երևանում Բելառուսի դեսպանատան առջև ակցիայից հետո վարչական վարույթ է նախաձեռնվել 


Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև երկու օր առաջ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո ոստիկանությունը վարչական վարույթ է նախաձեռնել։

«Ոստիկանությանը օրենքով սահմանված կարգով հավաքի մասին չի տեղեկացվել», - հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։

Չորեքշաբթի օրը «Հանուն հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները Բելառուսի դեսպանատան շենքի վրա ձվեր, լոլիկ ու կարտոֆիլ էին շպրտել այն բանից հետո, երբ այդ երկրի նախագահը հայտարարել էր, թե «ո՞ւմ են պետք հայերը, մեզանից բացի»։

Ակցիային անմիջապես հաջորդել էր Մինսկի արձագանքը, բելառուսական կողմը տեղի ունեցածը վանդալիզմ էր որակել ու Արտգործնախարարություն կանչել Հայաստանի ներկայացուցչին ու դժգոհել, որ «իրավապահ մարմինները ակնհայտ անբավարար» քայլեր են ձեռնարկել։

Մինսկի հայտարարության արդեն հաջորդ օրը ակցիայի նախաձեռնող «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում տեղեկացրեց, թե բողոքի ակցիայի պատճառով ոստիկանությունում քրեական վարույթ է հարուցվել։

«Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հայաստանյան իրականության մասին» - գրել էր Բաբաջանյանը։

Սակայն, ավելի ուշ նա տեղեկացրեց, որ իրավապահները իրականում ոչ թե քրեական, այլ վարչական վարույթ են նախաձեռնել։

Քննչական կոմիտեից «Ազատություն»-ը տեղեկացավ՝ «հաղորդում չեն ստացել, քրեական գործ չկա»։

Երևանի ու Մինսկի հարաբերությունները հատկապես լարված են Լուկաշենկոյի՝ այս տարվա մայիսին Բաքվում արած հայտարարությունից հետո, թե «տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել»:

Ի պատասխան վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե պաշտոնական այցերը Բելառուս դադարեցվում են, երկու երկրները նաև դեսպաններին հետ կանչեցին խորհրդակցությունների։

Իսկ Լուկաշենկոյի վերջին հայտարարությանը պաշտոնական Երևանը չի արձագանքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG