«Քուրդ անջատականների վերջը մոտ է», - նախօրեին Անկարայում հնչեցրած ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Անջատականների և նրանց սիրիական մասնաճյուղի վերջը մոտ է։ Այն բոլոր անհատներին, որոնք կընտրեն բռնությունն ու ահաբեկչությունը՝ մեկ ճակատագիր է սպասում՝ նրանց թաղելու են իրենց զենքերի հետ միասին», - նշել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Անկարան առանց վարանելու կմիջամտի, եթե Սիրիայի տարածքային ամբողջականությանը վտանգ սպառնա։
«Մենք տեսնում ենք, որ Սիրիայի նոր իշխանությունները փորձում են երկրի միասնության և տարածքային ամբողջականության վրա հիմնված պետություն կառուցել։ Սիրիայի փլուզումը կամ այդ երկրի ունիտար համակարգի այս կամ այն ձևով խարխլումը, մեզ համար անընդունելի են։ Ամեն դեպքում, եթե մենք նման վտանգ տեսենք, արագորեն համապատասխան քայլերի կդիմենք», - հայտարարել է Էրդողանը։