Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է թույլ տալ ԱՄՆ ռազմական կապալառուներին աշխատել Ուկրաինայում՝ Պենտագոնի տրամադրած զենքերը սպասարկելու և վերանորոգելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ կապալառուների թիվը քիչ է լինելու, նրանք կտեղակայվեն առաջնագծից հեռու և չեն մասնակցի մարտական գործողություններին։
Աղբյուրը նշել է, որ Ուկրաինայում փոքր թվով կապալառուների ներկայությունը կօգնի երաշխավորել, որպեսզի ամերիկյան սարքավորումները «վնասվելու դեպքում արագ վերանորոգվեն»։
Պաշտոնյան հավելել է, որ Ուկրաինայում կապալառուներին պաշտպանելու համար չի պահանջվի ամերիկյան զորքերի ներկայություն:
Նախկինում սահմանափակումների պատճառով Կիևն ամերիկյան սպառազինությունն այլ երկրներում էր վերանորոգում, կամ ուկրաինացի զինվորականները հեռակա կարգով էին ստանում անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչը դանդաղեցնում էր վերանորոգման աշխատանքները մասնավորապես F-16 կործանիչների և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումից հետո: