Եվրամիությունը հինգշաբթի համաձայնել է թույլ տալ Բուլղարիային և Ռումինիային ամբողջությամբ ինտեգրվել Շենգենյան գոտուն` հաջորդ տարվանից վերացնելով ցամաքային սահմանների հսկողությունը, ասված է ԵՄ Հունգարիայի նախագահության հայտարարության մեջ:
Բուլղարիան և Ռումինիան Շենգենյան գոտուն միացել էին այս մարտին՝ տարիներ տևած բանակցություններից հետո, բայց առանց ստուգման մուտքը գործում էր միայն օդային կամ ծովային ճանապարհով ժամանող ճանապարհորդների համար։
Ցամաքային ճանապարհով ժամանողների սահմանային ստուգումները պահպանվեցին հիմնականում Ավստրիայի կողմից հակազդեցության պատճառով, այն մտավախությունների ֆոնին, որ երկու երկրները բավարար քայլեր չեն ձեռնարկում ապօրինի միգրանտների մուտքը կանխելու համար:
Սակայն հունվարի 1-ից առանց հավելյալ ստուգումների մուտքն ու ելքը կգործի բոլոր, այդ թվում՝ ցամաքային սահմանի համար։
«Ներքին գործերի նախարարները հենց նոր որոշում են ընդունել վերացնել ներքին ցամաքային սահմանի հսկողությունը Բուլղարիայի և Ռումինիայի հետ։ Մեծ հաղթանակ Բուլղարիայի, Ռումինիայի և ողջ Եվրոպայի համար», - գրել է Հունգարիայի նախագահությունը X-ում:
Ցամաքային սահմանային ստուգումները կավարտվեն 2025 թվականի հունվարի 1-ից։