Մատչելիության հղումներ

Լարսի հերթերը նվազում են, բայց ռուսական կողմում դեռ հազար հայկական բեռնատար կա


Բեռնատարների հերթ դեպի վրաց - ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետը, արխիվ
Բեռնատարների հերթ դեպի վրաց - ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետը, արխիվ

«Մեծ թողունակություն ունենք այս պահին, միայն երեկ 820 բեռնատար արդեն Ռուսաստանից դուրս է եկել՝ ռեկորդային թիվ է: Հերթերը գնալով պակասում են, չնայած մյուս կողմից էլի նոր մեքենաներ են ավելանում», - «Ազատությանը» փոխանցեց Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը: Այդուհանդերձ, Լարսի անցակետի ռուսական կողմում դեռ 3 հազար բեռնատար է խցանման մեջ, դրանցից հազարը հայկական մեքենաներ են: Ընդամենը հինգ օր առաջ կիլոմետրերով ձգվող հերթում 7 հազար բեռնատար կար։

Ամռան վերջին ամսին աննախադեպ այս խցանումները, Հակոբյանի պնդմամբ, զբոսաշրջիկների մեծ հոսքով են պայմանավորված, նրանք Ռուսաստանից Վրաստան են գնում, ասաց: Նոր կուտակումները, սակայն, դեռ առջևում են. - «Սպասում ենք, որ հակառակ ուղղությամբ հետ վերադարձող հոսքը մինչև ամսվա վերջ լինելու է, և միգուցե նորից հերթեր լինեն՝ արդեն վրացական կողմում»:

Լարսը Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհն է, որը հաճախ փակվում է տարբեր պատճառներով: Բայց հատկապես բեռնատարների վարորդները, որ հաճախ շաբաթներ կամ ամիսներ են լուսացնում խցանումներում, այդպես էլ չեն հասկանում՝ իրականում չկա՞ մի տարբերակ, որ այդ խնդիրը լուծվի:

«Մեր կառավարությունը պիտի շահագրգռված լինի, որ գոնե գան իրենք տեղում ֆիքսեն, հասկանան ինչ է կատարվում: Խեղճ վարորդը հերթ է պահում, որ իր հերթը գա հասնի, թողնի գա տուն, ամիսներով հերթ են կանգնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

Տարբերակներից մեկը բեռները Բաթումիից լաստանավով Նովոռոսիյսկ հասցնելն էր ու հակառակը: Կառավարությունը պետբյուջեից 1.2 միլիոն դոլար ծախսեց այս ծրագրի համար, որը մեկ տարի էլ չգործեց: Հետո պաշտոնյաները խոստովանեցին՝ ծրագիրն արդյունավետ չէր, ընկերությունները չօգտվեցին դրանից:

Միջազգային բեռնափոխադրող «Սպիննակեր գրուպ»-ի հիմնադիր Նորայր Գևորգյանն ասում է՝ նախ՝ այդ ծառայությունն ավելի թանկ էր, հետո՝ այն բեռները, որ Լարսով Ռուսաստան են ուղարկում, լաստանավի համար չեն, լաստանավը հիմնականում կոնտեյներներով չփչացող ապրանքների համար է: Ասում է՝ պաշտոնյաները լսել են իրենց կարծիքը, բայց «երբ որ հարցնում են ու հետո անում են հակառակը, մի քիչ հիասթափեցնում են, ամեն դեպքում»: «Ենթադրում եմ, որ եթե ուզում ենք թեթևացում անել, պիտի այնպիսի նավ ունենանք, որը բեռնատար մեքենա կտեղափոխի, այլ ոչ թե կոնտեյներ կամ վագոն: Երբ որ դուք դնում եք այնպիսի նավ, որը չի թեթևացնում բեռնատարների թողունակությունը Լարսում, նշանակում է՝ Լարսը մնում է նույն քանակի վրա: Պատճառն այս էր՝ ինքը պիտանի չէր բեռնատար մեքենաների համար», - ընդգծեց Գևորգյանը:

Ըստ նրա՝ տնտեսվարողների համար Ռուսաստան բեռ տեղափոխելու և ներկրելու միակ հարմար տարբերակը հենց Լարսն է, այլ բան է, որ պետք է նաև արտահանման շուկան դիվերսիֆիկացնի պետությունը։ Այս պահին ընկերությունը երեք բեռնատար ունի խցանման մեջ, ևս երեքն էլ շուտով կմիանան։

Սեփական ընկերության վնասներից խոսելով, Գևորգյանն ասում է՝ այս ոլորտում աշխատող ընկերությունները գիտեն՝ ռիսկային է, պետք է պատրաստ լինել. - «Եթե թվերով ասենք՝ ամեն մեքենան եթե մեկ օր կանգնում է, մեկ օրվա համար 100 դոլար: Իսկ մեկ մեքենան հաստատ տարվա կտրվածքով Լարսում 10 օրից ավել կանգնում է, եթե ոչ ավել: Իսկ եթե բազմապատկենք դա մեքենաների քանակով, ստացվում է մի քանի տասնյակ հազար»:

Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդն ասում է՝ ռուսական անցակետում նախկին 11 անցուղու փոխարեն արդեն 39-նն է գործում։ Ռուսաստան մտնող բոլոր մեքենաները ռենտգեն հետազոտություն են անցնում, նախկին մեկ սարքի փոխարեն հիմա հինգը կա։

«39 ուղի է աշխատում, որից 24-ը թեթև մարդատար մեքենաներին են սպասարկում, և 15-ը բեռնատարների են սպասարկում», - նշեց մաքսային կցորդը:

Ըստ Հակոբյանի՝ ձմռան խցանումներից խուսափելու համար վրացական կողմն էլ մինչև տարեվերջ նախատեսում է նոր թունելներ ու կամուրջներ շահագործել. - «Վրացական կողմում այս պահին շինարարություն է ընթանում, որի արդյունքում պետք է արդեն խուսափենք ձմեռվա խնդիրներից, որ ճանապարհները փակվում են, և Խաչի լեռնանցքում խցանում է առաջանում»:

Մաքսային կցորդից «Ազատություն»-ը հետաքրքրվեց՝ արդյոք ամառային այս խցանումները որևէ կապ ունեն Ռուսաստանի Կուրսկի մարզում ռազմական գործողությունների ֆոնին մարդկանց տարհանման ու մարզը լքելու հետ:

«Չգիտեմ Դուք ինչով եք առաջնորդվում, բայց փաստացի իրավիճակն այդպիսին է՝ աննախադեպ մեծ հոսքեր տուրիստական: Իրավասու չեմ նման հարցերի պատասխանել, ես Լարսի համար եմ պատասխանատու», - հարցին արձագանքեց Վահան Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG