Մատչելիության հղումներ

Դատարանը կրկին չկալանավորեց պարեկների գործով մեղադրյալ Երիցյանին


Արամ Երիցյանի վնասված ձեռքը, 2-ը օգոստոսի, 2024թ․
Արամ Երիցյանի վնասված ձեռքը, 2-ը օգոստոսի, 2024թ․

Ճաղերի հետևում կես օր անցկացնելուց հետո, դատարանը դարձյալ ազատ է արձակել արցախցի երիտասարդին՝ մերժելով նրան կալանավորելու՝ Քննչականի հերթական միջնորդությունը։

«Առաջին անգամ իրավական հիմքը այսպես կոչված անմիջականորեն ծագած կասկածն էր՝ պաշտոնական անվանումը, այսինքն՝ ոստիկաններ մոտ, ըստ քննչական մարմնի, անմիջական կասկած էր ձևավորել, որ Արամ Երիցյանը կատարել է հանցագործություն, դատարանը մերժել էր միջնորդությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը: - «Այսինքն՝ ոչ մի նոր փաստ չկար»:

Անցած շաբաթ պարեկների հետ միջադեպից հետո ձերբակալված և երեք օր անց դատարանի որոշմամբ ազատ արձակված Արամ Երիցյանին երեկ առավոտյան կրկին ձերբակալել էին։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցել էին՝ դատարան պետք է տանեն կալանքի հարցը քննելու համար։ Իսկ թե առաջին միջնորդությունից օրեր անց ինչ նոր անհրաժեշտություն էր ծագել պարեկների նկատմամբ բնություն գործադրելու համար մեղադրվող Երիցյանին նորից կալանքի տանելու, Քննչականը չէր մանրամասնել։ Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող փաստաբանն ասում է՝ հիմքը նույնն էր, այսինքն՝ ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը, կթաքնվի իրավապահներից։ Սա այն դեպքում, երբ Քննչականն, ըստ Մելիքյանի, որևէ փաստ չի բերել, որ առաջին ձերբակալությունից հետո ազատ արձակված քաղաքացին խախտել է օրենքը:

«Քննիչները եկան և, այո, ի պատիվ իրենց՝ չփորձեցին ինչ-որ բառախաղերի գնալ, այլ ընդունեցին, որ հիմքերը՝ փաստական հիմքը, լրիվ նույնն է, ոչ մի բան չի փոխվել էդտեղ, այլ փորձեցին հիմնավորել, որ իրենք իրավունք ունեն՝ որպես քննչական մարմին, էս իմ կողմից նշած իրավիճակում, քանի որ առաջին ատյանի դատարանը, ըստ քննչական մարմնի, կալանքը մերժել էր էն պատճառով, որ գտել էր, որ էլ հիմնավոր կասկածը գոյություն չի ունեցել, իրենք իրավունք ունեն նորից անձին կալանավորելու», - նշեց Մելիքյանը:

«Ես չեմ ուզում դա որպես հաստատված փաստ ասել, բայց միանգամից մտքովդ անցնում է, որ գուցե արցախցի լինելու հանգամանքը կարող է էստեղ աշխատել, կամ նրանք կարծում են, որ պետք է ինչ-որ կոնկրետ տեսակի արարքի դեմ պայքարել, օրինակ՝ ոստիկանների հետ հարաբերություններում ավելի բարձր պաշտպանություն տալ ոստիկաններին, պարեկներին: Չգիտեմ», - ասաց փաստաբանը:

Փաստորեն, անցած մեկ շաբաթվա ընթացքում դատարանը երկու անգամ մերժեց Քննչականի՝ կալանավորելու միջնորդությունը, նաև ոչ իրավաչափ ճանաչեց երիտասարդի ձերբակալությունը։

«Բա ինչի՞ է դատարանը ոչ իրավաչափ համարել, որովհետև ձերբակալության արձանագրության մեջ նշել են դիմադրությունը, դատարանն էլ իրավաչափ հարց է տալիս, ասում է՝ «Հարգելիներս, ինչո՞ւ է դիմադրել, ինչի՞ն է դիմադրել», - «Ձերբակալմանը»: - «Ինչի՞ էիք ուզում ձերբակալել»: Այ էս հարցի պատասխանը չկա՝ դիմադրել է ձերբակալմանը, բայց ինչի՞ էիք ուզում ձերբակալեք»», - ընդգծեց Ռուբեն Մելիքյանը:

Այս պատմությունը սկսվել էր մեքենան սխալ կայանելուց։ Երևանում երկու պարեկներ նկատել էին դա, կանչել վարորդին։ Նրանց մոտեցած 27-ամյա Արամ Երիցյանը հայտնել էր, որ մեքենան ինքը չի կայանել, բանալիներն իր մոտ չեն։ Ըստ Քննչականի, պարեկներին կասկածելի էր թվացել դա, առաջարկել էին բացել ձեռքի պայուսակը, երիտասարդն էլ դիմադրել էր։ Նաև կասկածել էին, թե գուցե թմրամիջոց ունի։

«Արամը, ես հրապարակավ էլ եմ ասում, հիմա էլ եմ ասում՝ սխալ եմ համարում իր վարքագիծը, փորձել է ինչ-որ պատճառաբանություններ վերցնել և դատարանի առջև էլ ասեց՝ «պատճառն այն էր, որ բալերս քիչ էին, չէի ուզում տուգանվեի, որպեսզի բալերս»... չի կողմնորոշվել էդ պահին», - պատմեց փաստաբանը:

Ի վերջո, ձեռքի պայուսակի մեջ իսկապես բանալին տեսել են ու որոշել տանել բաժին։ Երիցյանը համաձայնել է, բայց ընդդիմացել ձեռնաշղթաներին, ինչից հետո երկխոսությունը վերաճել է կռվի։ Երիցյանի վնասվածքներն արձանագրել էր նաև Մարդու իրավունքների պաշտպանը։

«Եթե իրենք էդ համոզմունքին եկել են, որ էդ մարդն է վարորդը, էլ ինչի՞ էին ուզում պարզեին, որ բանալին իր մոտ է, բանալին սենց ... թող հենց էն, ինչ որ տեսել են, դա էլ գրեին, թող հենց էդ պահին վարչական պատասխանատվության ենթարկեին և մեջն էլ գրեին, որ «մենք հասկացանք, որ ինքն է վարորդը, որովհետև մոտացավ մեքենային՝ դուռը բացվեց», - շարունակեց Ռուբեն Մելիքյանը:

Քննչականը միայն միջադեպի առաջին 20 վայրկյանն էր հրապարակել, որում երևում էր ձեռնաշղթա հագցնելու ու երիտասարդի դիմադրության պահը։ Հետո Արամ Երիցյանի փաստաբան եղբայրը՝ Ռոման Երիցյանը, հրապարակեց շարունակությունը։ Այնտեղ երևում էր, թե ինչպես են երկու պարեկներ Երիցյանին տապալում գետնին, հագցնում ձեռնաշղթաներն ու շատ մոտ տարածությունից աչքերին երկու անգամ արցունքաբեր գազ փչում:

Արցախից տեղահանված Երիցյանը հայտարարել էր, որ պարեկները նաև հայհոյել էին իրեն, վիրավորանքներ հասցրել արցախցիներին։

Մելիքյանն ասում է, որ իրավապահներն իրենց չեն տրամադրում երկրորդ պարեկի վրա ամրացված սարքի տեսագրությունը, ասում են, թե այն չի ձայնագրել: Այնինչ Երիցյանը տեսել է, որ կարմիր լույսը վառվում է։

«Այնուհանդերձ, այդ կառույցը ձևավորվել է նաև արևմտյան ֆինանսական, տեխնիկական և այլ օժանդակությամբ: Հիմա հարց եմ տալիս՝ էլ ո՞ւմ է պետք էդ նկարահանող սարքերը, որ երբ պետք լինի, տալիս են, երբ պետք չլինի, չեն տալիս», - ասաց փաստաբանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ տեսագրությունը կբացահայտեր ողջ եղելությունը. - «Ամեն դեպքում, հակաօրինական վարքագիծ էր, ի՞նչ է նշանակում՝ մարդուն աստիճանների վրա մեջքի վրա քարշ տալ, մեջքն էլ այդպես աստիճաններից վնասվի: Անմարդկային վերաբերմունք, նվաստացուցիչ վերաբերմունք են դրսևորել»:

Փաստաբան Ռոման Երիցյանը երեկ հրապարակել էր միջադեպից ևս մի տեսագրություն, որտեղ պարեկները եղբոր հետ խոսում են «դու»-ով ու անհարգալից: «Համազգեստը հագնող մարդը տղայական տիրույթի մեջ մտնելու իրավունք չունի», - ընդգծեց Ռուբեն Մելիքյանը:

Երիցյանին առաջադրված հոդվածով 2-5 տարվա ազատազրկում է նախատեսված։ Միջադեպում ներգրավված երկու պարեկներն, ի տարբերություն Երիցյանի, մեղադրյալի կարգավիճակ չունեն։

Իրավապաշտպանները շարունակում են պնդել՝ որպեսզի ոստիկանական համակարգում վերջ դրվի քաղաքացու նկատմամբ ոտնձգություններին, ցանկացած նման դեպք պետք է ավարտվի դատարանում, ու մեղավոր ոստիկանները պատիժ ստանան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG