Մատչելիության հղումներ

Ռուսական 102-րդ բազայի տարածքում ակտիվ շինարարություն է ընթանում. ի՞նչ են կառուցում


Շինաշխատանքեր ռուսական ռամաբազայի տարածքում, Հյումրի, 4-ը հունիսի, 2024թ.
Շինաշխատանքեր ռուսական ռամաբազայի տարածքում, Հյումրի, 4-ը հունիսի, 2024թ.

Մինչ Հայաստանի տարբեր քաղաքական շրջանակներ քննարկում են ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերել-չբերելու հարցը, ռուսական կողմը տեղում ակտիվ շինարարություն է անում։ Կառուցապատումը տեսանելի է 102-րդ ռազմաբազայի պարիսպներից այն կողմ։

Ի՞նչ են կառուցում և արդյո՞ք ունեն Հայաստանի իրավասու մարմինների համաձայնությունը։ Հայ-ռուսական պայմանագրով «ռազմաբազան իր օբյեկտները վերակառուցելու կամ կապիտալ շինարարություն իրականացնելու համար պետք է այդ աշխատանքները համաձայնեցի հայկական կողմի հետ»:

Քաղաքաշինության կոմիտեից «Ազատության» հարցմանը պատասխանել են, որ անցած տարի մարտին Ռուսաստանի զինվորաշինարարական համալիրը համաձայնեցման է ներկայացրել «Մեծ ամրոց» N 1 զինվորական թաղամասում նախատեսվող օբյեկտների էսքիզային նախագիծը։ Միևնույն ժամանակ նշում են, որ կառուցապատման թույլտվությունն ու այլ փաստաթղթեր տրամադրում է համայնքի ղեկավարը։

«Ռուսական 102-րդ բազայի տարածքում ՌԴ կողմից ներկա դրությամբ կառուցվում է 2 հատ շենք, հանրակացարանային շենք են՝ զինվորականների և նրանց ընտանիքների անդամների համար։ Նախատեսվում է կառուցել 2 շենք՝ մեկը 3 հարկանի և 2 հարկանի, ընդհանուրը 260 տեղ շենք շինություններ են», - ներկայացրեց Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Գասպարյանն ասում է՝ ռուսական կողմը սկզբում ցանկացել է վառ գույներով 5 հարկանի երկու շենք կառուցել, նախագիծ են ներկայացրել, բայց քանի որ բազան գտնվում է Կումայրի պատմական արգելոցի տարածքում, ոչ կրթության նախարարությունը, ոչ էլ քաղաքապետարանը չեն հաստատել։

Շենքերի կառուցման համար տուֆ քարը չի օգտագործվել, ինչպես տարածքում գտնվող մյուս շենքերն են։ Այլ նյութերով են կառուցում, բայց այնպես, որ արտաքին տեսքը տուֆի նման լինի։ Էսքիզային փոփոխություններից հետո նոր նախագիծ է ներկայացվել ու Գյումրիի քաղաքապետն այս հաստատել է։

Գյումրիի քաղաքապետը պետք է ստորագրի՝ հիմնվելով հատուկ հանձնաժողովի եզրակացության վրա։ Բացի շենքերից ռազմաբազան նաև մարզամշակութային մեծ 2 համալիր է կառուցել ու արդեն շահագործում է։

Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին 102-րդ ռազմաբազայի հարցը հաճախ է օրակարգում հայտնվում։ Ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը թեև ասել էր, թե ռուսական ռազմաբազայի շարունակվող ներկայության մեջ որևէ առավելություն չի տեսնում, բայց նաև ընդունել էր, որ այն Հայաստանից հանելու հարցը չի քննարկվում։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ ռազմաբազայի տարածքում էլ ոչ թե ժամանակավոր այլ հիմնական շինություններ կառուցելով, ռուսական կողմը բացահայտ ցույց է տալիս, որ մինչև պայմանագրի ավարտը՝ 2044 թվականը, չի պատրաստվում Հայաստանից դուրս գալ։

Արդյոք կառուցվող շինությունները ենթադրում են, որ ռուսական կողմը ցանկանում է իր զինծառայողների թիվն ավելացնել, այս հարցի պատասխանը չկա։ Ռուսական ռազմաբազայում, ըստ բաց աղբյուրների, մոտ 3000 զինծառայող կա։ Նրանց մի մասը բնակվում է ռուսական 8-րդ զինվորական թաղամասում, մյուսները քաղաքի տարբեր հատվածներում՝ վարձով։

XS
SM
MD
LG