Մոսկվայի և Երևանի միջև կուտակված անհավասարակշռությունների շտկումը, նորմալ «դաշնակցությանը վերադարձը» ուղիղ երկխոսության արդյունքում ոչ միայն հնարավոր է, այլև միակ ողջամիտ լուծումն է, վստահություն է հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ուղերձում։
Այն նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվան (ապրիլի 3)։
Դեսպանությունը նշել է, որ երկու երկրների շփման մեջ կան և՛ հակասություններ, և՛ փոխադարձ պահանջներ, սակայն «երկկողմ հարաբերությունների հիմքը մնում է նույնը»։
«Ռուսաստանի և Հայաստանի միջև սերտ դաշնակցային կապեր, փոխգործակցություն բոլոր ոլորտներում. ահա թե ինչն է համապատասխանում ինչպես ռուսների, այնպես էլ հայերի հիմնարար, իրական շահերին», - հավելել է Երևանում ՌԴ դեսպանատունը։
Այնուհետև անդրադարձ է կատարվել երկու երկրների ընդհանուր ինտեգրացիոն միավորումների անդամությանը, տնտեսական, մշակութային կապերին։
«Մեր փոխհարաբերություններում շատ կարևոր դեր է խաղում նաև անվտանգային ոլորտը», - նշել է դիվանագիտական կառույցը, շարունակելով, - «Հայաստանում և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում կայունության ապահովման անգնահատելի գործոն շարունակում է մնալ ռուսական 102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահների ներկայությունը»:
- Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Հայկական կողմը Ռուսաստանին մեղադրում է ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, հայտարարում՝ Երևանը Մոսկվայից ակնկալում է լեգիտիմ հարցերի բովանդակային պատասխան։
- Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս մեղադրել էր Երևանին հայ-ռուսական հարաբերությունները «գիտակցաբար փլուզման տանելու համար», դժգոհել, թե հայաստանյան իշխանությունները փնովում են ռուս սահմանապահներին, 102-րդ ռազմաբազան ու ՀԱՊԿ-ը։
- Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Ադրբեջանական ներխուժումների ընթացքում ՀԱՊԿ-ից աջակցություն չստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարում է, որ դիվերսիֆիկացնում է իր անվտանգային քաղաքականությունը, ինչը Մոսկվայի սրտով չէ։