Չեմ բացառում, որ այս տարին էլ կավարտվի և որևէ փաստաթուղթ չի ստորագրվի, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը:
«Ազատություն». - Երեկվա բանակցության արդյունքներով Երևանն ու Բաքուն միայն հայտարարել են, որ նշվել է խաղաղության պայմանագրի շուրջ առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները: Սա նշանակո՞ւմ է, որ այդ առաջընթացը շոշափելի չէ:
Գրիգորյան. - Այո, կարելի է այդպես նշել: Իմ կարծիքով, այս հանդիպումը ավելի շատ քաղաքավարության դրսևորում էր առաջին հերթին Ադրբեջանի կողմից, որովհետև մենք տեսնում էինք, որ Ադրբեջանը մոտ մեկ տարի շարունակ չէր մասնակցում արևմտյան միջնորդությամբ որևէ բանակցությունների: Վաշինգտոնում վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսին, և Միացյալ Նահանգները պարբերաբար փորձում էր կազմակերպել այդ հանդիպումը, բայց չէր ստացվում, և ՆԱՏՕ-ի այս գագաթնաժողովը հենց հարմար առիթ էր, որպեսզի 2 երկրների արտգործնախարարներին հրավիրեին Վաշինգտոն և արդեն, երբ գտնվում էին Վաշինգտոնում արտգործնախարարները, երևի ադրբեջանական կողմի համար բավականին բարդ էր հրաժարվել այդ հանդիպմանը մասնակցելուց: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ այդ երկկողմ ձևաչափը ավելի արդյունավետ է և երրորդ կողմը ներկայացնող միջնորդները ոչ թե օգնում են գործընթացին, այլ խանգարում: Եթե հետևենք ադրբեջանական փորձագիտական շրջանակների մեկնաբանություններին, նրանք նշում են, որ գործընթացը բարդանում է հենց, օրինակ, նույն ամերիկյան կողմի մասնակցությամբ, ավելի աշխարհաքաղաքական բնույթ է ստանում: Եվ այս հանդիպումից, այո, իհարկե, շատ մեծ ակնկալիքներ ի սկզբանե պետք չէր ունենալ:
«Ազատություն». - Բայց մյուս կողմից պետքարտուղար Բլինքենը նշել է, որ կողմերը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության:
Գրիգորյան. - Մենք հիշում ենք, որ պետքարտուղար Բլինքենը 2022 թվականի վերջին էր նմանատիպ հայտարարություններ անում, խոսում պատմական հնարավորության մասին է, այն մասին, որ խաղաղության պայմանագիրը արդեն հորիզոնում է, բայց 2 տարի անցել է, կարծես թե շատ էական առաջընթաց այս հարցերում չկան: Այսինքն, որոշ հարցերում առաջընթաց կա, բայց Ադրբեջանն անընդհատ նոր խնդիրներ է ի հայտ բերում և նոր նախապայմաններ է դնում այս գործընթացում: Այդ առումով, իհարկե, պետք է շատ զգուշավոր մոտեցում ունենալ նմանատիպ հայտարարություններում, ես չեմ բացառում, որ այս տարին էլ կավարտվի և որևէ փաստաթուղթ չի ստորագրվի, և դրանից հետո էլ միջնորդները կհայտարարեն, որ մոտ ենք պայմանագրի ստորագրմանը:
«Ազատություն». - Բայց չէ՞ որ տարեվերջին Միջազգային կլիմայական համաժողովն է, և այդ նույն միջնորդները հույս էին հայտնում, որ գուցե դրան ընդառաջ ինչ որ բան ստորագրի:
Գրիգորյան. - Նույնիսկ եթե փաստաթուղթ ստորագրվի, չեմ կարծում, թե դա լինելու է համապարփակ խաղաղության պայմանագիր: Այսինքն, այդ մասին Ադրբեջանի նախագահն ուղիղ տեքստով հայտարարեց, որ քանի դեռ Հայաստանը չի փոխել իր Սահմանադրությունը, մենք չենք կարող որևէ համապարփակ փաստաթուղթ ստորագրել: Հնարավոր է, երևի շրջանակային ինչ-որ փաստաթղթի ստորագրում, եթե Հայաստանը, օրինակ, հանձն առնի փոփոխել Սահմանադրությունը հետագայում, ինչպես Ալիևն է պնդում, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ համապարփակ փաստաթուղթ մինչև նոյեմբեր կամ թեկուզ նոյեմբերից հետո չի ստորագրվելու:
«Ազատություն». - Իսկ այդ նախաստորագրումն ինչո՞վ է վտանգավոր, եթե Երևանը գնա դրան:
Գրիգորյան. - Պետք է հասկանալ, որ Ադրբեջանին այս փուլում պետք են առաջին հերթին քաղաքական արդյունքներ: Այսինքն, պետք է քաղաքական փաստաթուղթ, որը կլինի ընդհանրական ինչ-որ սկզբունքների մասին, և Հայաստանն իր ստորագրությամբ կլեգիտիմացնի էս նոր ստեղծված ստատուս քվոն, միևնույն ժամանակ չլուծված, թողնելով մի շարք առանցքային հարցեր՝ նույն սահմանային փաթեթին առնչվող հարցերը, կոմունիկացիաներին առնչվող հարցերը: Այսինքն, Ադրբեջանը կոնկրետ լուծումներ չի ցանկանում, այլ պարզապես ցանկանում է ինչ-որ քաղաքական զիջումներ Հայաստանից: