Մատչելիության հղումներ

Ի՞նչ ակնկալել Միրզոյան- Բայրամով-Բլինքեն հանդիպումից. փորձագետի համոզմամբ՝ սեղանին ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջն է


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում հյուրընկալում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, 4-ը մայիսի, 2024թ.
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում հյուրընկալում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, 4-ը մայիսի, 2024թ.

Այսօր Վաշինգտոնում Երևանի ժամանակով ժամը 18:15 տեղի կունենա Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումը։ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը տեղի է ունենալու երեկվանից մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որին հրավիրվել էին նաև Միրզոյանն ու Բայրամովը։

Մինչ այսօր կայանալիք եռակողմ հանդիպումը, երեկ ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված ու ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ, բայց թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել, արտաքին քաղաքական գերատեսչությունը չի մանրամասնել։

Մինչև երեկ հանդիպման մասին որևէ պայմանավորվածություն չկար, և միայն այսօր առավոտյան հաղորդվեց, որ ի վերջո նման պայմանավորվածություն ձեռք է բերվել, և հանդիպումն էլ լինելու է ոչ թե երկկողմ, այլ՝ եռակողմ:

Այն, որ ԱՄՆ-ը շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այսօր տեղի ունենալիք եռակողմ հանդիպումից առաջ հայտարարել է նաև Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

«Մենք շարունակում ենք աշխատել Բաքվի և Երևանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ», - նշել է Միլլերը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ամերիկյան հարթակում խաղաղության պայմանագրի շուրջ վերջին անգամ բանակցել են անցած տարվա հունիսին: Դրանից հետո Բաքուն բոյկոտել էր ամերիկյան հարթակը՝ Վաշինգտոնին մեղադրելով «միակողմանի մոտեցման» համար։

Ի՞նչ կարելի է ակնկալել այսօր Վաշինգտոնում կայանալիք եռակողմ հանդիպումից։ Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ բանակցությունների սեղանին, ըստ էության, Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջն է, ինչն այս պահին խոչընդոտում է խաղաղության գործընթացին։

Վաշինգտոն մեկնելուց առաջ Ադրբեջանի արտգործնախարարը ևս մեկ անգամ կրկնել էր խաղաղության պայմանագիրը ստորագրելու Բաքվի նախապայմանը՝ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը։

Վաշինգտոնում էլ Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ հանդիպմանը Բայրամովը կրկին պնդել է, թե չնայած խաղաղության համաձայնագրի շուրջ էական առաջընթացին՝ Հայաստանի Սահմանադրությունը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին։ Բաքուն տարածքային պահանջ է տեսնում Հայաստանի Սահմանադրությունում հիշատակված Անկախության հռչակագրում, որտեղ նաև Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին դրույթ կա։ Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև բարձրացրել է քաղաքացիական բնակչությանը սպառնացող ականների հարցը, շեշտել է, թե Հայաստանն արագ զինվում է:

«Հիմա կա շատ կոնկրետ քաղաքական հարց, որը կանգնեցնում է բանակցությունների հետագա ընթացքը՝ դա Ադրբեջանի կողմից դրված պահանջն է Հայաստանի Սահմանադրության փոփոխության, և երևի թե դա կլինի հիմնական սեղանին դրված հարցը, հիմնական քննարկվելիք հարցը, տեսնենք՝ արդյոք Միացյալ Նահանգները պատրաստ կլինի բավականաչափ քաղաքական էներգիա ծախսել՝ Ադրբեջանի ստեղծած այս արգելքը հաղթահարելու և բանակցությունների շարունակությունը ապահովելու համար։ Հիմա պետք է լինի ճնշում Ադրբեջանի վրա՝ հրաժարվելու այդ պահանջից և գնալու խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ», - ասաց Քոչինյանը:

ՔՊ-ում դրական արդյունք և առաջընթաց են ակնկալում

Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» ակնկալում են, որ Վաշինգտոնում այսօր կայանալիք հանդիպումը դրական արդյունք կտա և առաջընթաց կարձանագրի խաղաղության պայմանագրի ստորագարման հարցում։

«Շատ մեծ է դերը Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգրավվածության՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներում և բանակցություններում, և մենք գնահատում ենք այդ ամենը», - «Ազատության» հետ զրույցում ասաց իշխանական պատգամավոր Լիլիթ Մինասյանը:

Մինասյանը նշում է՝ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը այն սկզբունքներով, որոնք արձանագրվել են Պրահայում և Բրյուսելում՝ տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և կոմունիկացիների ապաշրջափակում՝ երկրների ինքնիշխանության հարգմամբ։ Մինչդեռ Ադրբեջանն առաջ է բերում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը, որն, ըստ պատգամավորի, լեգիտիմ չէ։

«Եվ մեր միջազգային գործընկների մոտ էլ կա նման ընկալում, որ այդ պահանջը զուտ ձգձգելու միտում է Ադրբեջանի կողմից: Մենք կարծում ենք, որ պետք է ավարտել բանակցությունները և վերջապես այն սկզբունքների հիման վրա, որ ի սկզբանե հռչակվել էր և բազմիցս այլ միջազգային գործընկերների ներկայությամբ ստորագրվել էր թե՛ Պրահայում, թե՛ Բրյուսելում, թե՛ տարբեր այլ կենտրոններում, այդ սկզբունքները կյանքի կոչվեն», - ընդգծեց Լիլիթ Մինասյանը:

«Հնարավոր է՝ Բաքու մեկնի հենց Փաշինյանը, և այդ փաստաթուղթը ստորագրվի հենց COP29-ի ընթացքում»

Որքանո՞վ է հավանական, որ մինչև նոյեմբերի 29-ը Բաքվում կայանալիք COP29-ի համաժողովը Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի սկզբունքների շուրջ որևէ փաստաթուղթ նախաստորագրեն։ Նման հնարավորությունը չէր բացառել նաև Ադրբեջանի նախագահը:

Արեգ Քոչինյանը հնարավոր է համարում, որ Բաքու մեկնի հենց Նիկոլ Փաշինյանը, և այդ փաստաթուղթը ստորագրվի հենց COP29-ի ընթացքում։ Ի դեպ, վարչապետի խոսնակն ավելի վաղ անդրադառնալով Փաշինյանի Բաքու մեկնելու և այնտեղ կայանալիք COP29 ֆորումին մասնակցելու վերաբերյալ լուրերին, «Ազատությանը» փոխանցել էր, որ Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի ծրագրվում։

«Ճիշտն ասած, չեմ բացառում, որ դա լինի հենց COP-ի ընթացքում՝ պայմանով, իհարկե, որ Բաքվից վերադառնալիս Հայաստանի վարչապետը իր հետ կբերի նաև Բաքվում պահվող բոլոր ռազմագերիներին», - ասաց քաղաքագետը` որպես իր ենթադրության հիմք նշելով «սեփական վերլուծությունները՝ հիմնվելով բաց, հանրային փաստաթղթերի և հայտարարությունների վրա»:

Խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների նախաստորագրումը, ըստ քաղաքագետի, իհարկե ավելի լավ է, քան ոչինչ չունենալը, բայց այս պարագայում, Արեգ Քոչինյանի համոզմամբ, պետք է լուրջ աշխատանք տարվի արևմտյան գործընկերների հետ՝ բացատրելու համար, որ դա միևնույն է արդյունք չէ, ընդամենը անցումային քայլ է։

XS
SM
MD
LG