Բուլղարիան կարողացավ խուսափել վերջին 4 տարվա ընթացքում 8-րդ խորհրդարանական ընտրություններից․ Բուլղարիայի խորհրդարանն այսօր վստահության քվե տվեց կառավարության նոր կաբինետին, որը գլխավորում է աջ կենտրոնամետ «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» (GERB) կուսակցության ներկայացուցիչ Ռոսեն Ժելյազկովը։
Երկիրն այսպիսով կխուսափի նոր արտահերթ ընտրություններից։
Վերջին տարիների ընթացքում Բուլղարիայում որևէ կառավարության չի հաջողվել իշխանության ղեկին մնալ 9 ամսից ավելին, 4 տարվա ընթացքում երկրում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել 7 անգամ։
«Ազատության» բուլղարական ծառայության փոխանցմամբ, Ժելյազկովն իր կաբինետի առաջնահերթություն է հռչակել բարեկեցիկ պետության ամրապնդումը, ազատության և բազմակարծության պաշտպանությունը ԶԼՄ-ներում և քաղաքացիական հասարակության ներսում, ինչպես նաև եվրագոտուն միանալը: