Մատչելիության հղումներ

Բարեփոխո՞ւմ, թե՞ դատավորների անկախության սահմանափակում


Բարձրագույն դատական խորհրդի նիստերի դահլիճ, արխիվ
Բարձրագույն դատական խորհրդի նիստերի դահլիճ, արխիվ

Դատավորներն ահազանգում են, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) փորձում սահմանափակել իրենց անկախությունը, փոխել իրենց գնահատող հանձնաժողովի կազմն ու այն դարձնել իրեն ենթակա։ Դատավորներին վերահսկող կառույցը մինչդեռ պնդում է՝ բարեփոխում են համակարգը, ներկայիս գնահատման մեխանիզմը կողմնակալության տեղ է թողնում։

«Փոփոխությունները միանշանակ չեն խոսում դատավորի անկախության ապահովման համար կամ դրա բարձրացման համար, այլ ընդհակառակը՝ ավելի խոսում են, որ դատավորները հնարավորինս կախված լինեն, հնարավորինս կաշկանդված լինեն և հնարավորինս շատ գործիքակազմ լինի հարկ եղած դեպքում դատավորների նկատմամբ ինչ-որ գործողություններ իրականացվելու համար», - ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը:

Արման Հովհաննիսյանը պնդում է՝ մինչ օրս արված փոփոխությունները վտանգել են դատական իշխանության անկախությունը. օրինակ՝ դատավորների լիազորությունները դադարեցնելու համար այժմ ավելի քիչ ձայն է հարկավոր, քան՝ նախկինում էր։ Իրավական գիտելիքների ստուգումից մինչև աշխատանքի արդյունավետ կազմակերպում՝ 2018 թվականից գնահատվում է դատավորների գործունեությունը, գնահատողն էլ 5 անդամից բաղկացած հանձնաժողովն է՝ 3-ը դատավոր, երկուսը՝ իրավաբան։ Բոլորին նշանակում են իրենք՝ դատավորները։

ԲԴԽ-ից հիմնավորում են՝ դատավորների գնահատման հանձնաժողովի գնահատականները կասկածներ են հարուցում

ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը հիմնավորում է՝ դատավորների գնահատման հանձնաժողովի գնահատականները կասկածներ են հարուցում։

«Ցավոք, մենք ունենք բարձր գնահատվող դատավորներ, բայց բոլորս հասկանում ենք, որ բոլոր ողջամիտ ժամկետները չեն պահպանվում, լիքը խնդիրներ կան, բայց մենք ունենք բարձր գնահատվող դատավորներ, ովքեր սգտանում են 90-100 միավորը մաքսիմալ», - նշեց ԲԴԽ անդամը:

Թումանյանցը վկայակոչում է այս հարցով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն ու ընդգծում՝ նրանք էլ են նկատել, որ միմյանց գնահատող դատավորները կարող են սուբյեկտիվ լինել։

Ինչպե՞ս է ստացվում, որ գնահատում անցած բոլոր դատավորները ստացել են բարձր՝ 90-100 միավոր։ 100 միավոր ստացած դատավոր Արման Հովհաննիսյանն այստեղ տարակուսելի ոչինչ չի տեսնում, պրոֆեսիոնալ իրավաբաններ են:

«Դատավորին պետք է գնահատի դատավորը, այլ ոչ թե ոչ դատավոր անդամները: Իմ գնահատմամբ՝ ինչ-որ ձևով փորձելու են դատավորին կախվածության մեջ պահել, էս օրենքի փոփոխությամբ, դատավորին լարվածությա մեջ պահել», - նշեց Հովհաննիսյանը:

Դատավորն ընդգծում է՝ դեմ չէ գնահատմանը, բայց դատավորին պետք է գնահատեն պաշտոնը ստանձնելուց առաջ. - «Հիմա գնահատման ժամանակ, օրինակ, կարող է շատ լավ իրավաբան մարդը, որ եկել է ինչ-որ իրավաբանական հաստատությունից ու գնահատման հանձնաժողովի անդամ է, իր աչքերով սա ինչ-որ կոպիտ խախտում է դատավորի կողմից, բայց դատավոր անդամը դա կոպիտ խախտում չի դիտարկում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ»:

Իր համար կասկածելի բարձր գնահատականներից բացի, ԲԴԽ-ն ուսումնասիրել է ոլորտն ու վեր հանել այլ խնդիրներ ևս. օրինակ՝ 5 անդամը քիչ է, որ կարողանան գնահատել շուրջ 300 դատավորներին, պետք է ավելացնել կազմը։ 5-ի փոխարեն 25 անդամ են նախատեսել, որոնց մեծ մասը՝ 15-ը կլինեն հենց ոչ դատավոր անդամները, որոնց կընտրեն ոչ թե դատավորները, այլ՝ Բարձրագույն դատական խորհուրդը։

Սակայն Վենետիկի հանձնաժողովը խնդրահարույց է որակել առաջարկվող թիվն ու առաջարկել 25-ի փոխարեն ունենալ 15 անդամից բաղկացած հանձնաժողով. 8-ը՝ դատավոր, 7-ը՝ իրավաբան։ Նախատեսվում էր, որ իրավաբաններին առաջադրելու էր ԲԴԽ աշխատակազմը, բայց վենետիկի հանձնաժողովի առաջարկից հետո սա փոխվել է:

«Վենետիկի հանձնաժողովն ասաց, որ ուղղակի չստացվի, որ կա շահերի բախում, ԲԴԽ-ն պետք է հաստատի, բայց դեպարտամենտն է առաջարկում, թող դա դեպարտամնտը չանի ու մարդիկ անձամբ դիմեն, նրանք, ովքեր կուզեն, արդեն իրենցից կընտրեք», - ներկայացրեց Թումանյանցը:

Փորձագետը պնդում է՝ ԲԴԽ աշխատակազմը չպետք է հանձնաժողովի իրավաբան-թեկնածուներ առաջադրի

Իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանը, որ ևս համակարծիք է Վենետիկի հանձնաժողովի հետ, պնդում է՝ ԲԴԽ աշխատակազմը չպետք է հանձնաժողովի իրավաբան-թեկնածուներ առաջադրի, ավելին՝ խնդրահարույց է նաև ԲԴԽ-ին տրվող լծակը:

«Բարձրագույն դատական խորհրդի կողմից ուղղակիորեն այդ անդամների ներգրավումը, այսինքն, ողջ իրավասությունը ԲԴԽ-ին տալը կարող է խնդրահարույց լինել», - ընդգծեց Հարությունյանը:

Ամեն դեպքում, դատավորների անկախությունը երաշխավորող կառույցում չեն պատրաստվում դատավորներին գնահատող հանձնաժողովի կազմի ընտրությունը թողնել նույն դատավորների վրա։ Դատավորների միությունում սա համարում են ոտնձգություն դատական իշխանության անկախությանը, հիշեցնում Կարեն Անդրեասյանի ղեկավարած կառույցի կողմից դատավորների նկատմամբ տասնյակ կարգապահական վարույթները։

XS
SM
MD
LG