Մատչելիության հղումներ

Նախկին դատավոր - ԲԴԽ «հակամարտությունը» նոր թափ է հավաքում


Նախկին դատավոր Դավիթ Հարությունյանը, արխիվ
Նախկին դատավոր Դավիթ Հարությունյանը, արխիվ

Մեկուկես տարի առաջ դատավորի պաշտոնից հեռացված Դավիթ Հարությունյանն ահազանգում է՝ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հրաժարվում է կատարել Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը։ Հարությունյանը չի ընկրկում ու փորձում է վերականգնել դատավորի պաշտոնը։

«Այստեղ իրենք փորձեցին դիմել աճպարարության», - «Ազատության» հետ զրույցում նշեց նախկին դատավորը:

Բարձր դատարանը որոշել է՝ պետք է վերանայել դատավոր Դավիթ Հարությունյանին պաշտոնազրկելու որոշումը, քանի որ նրա դատավարությունն անցել է առանց դատավորի դիրքորոշումը լսելու։

Անցած տարի Բարձրագույն դատական խորհուրդը որոշել էր, որ Հարությունյանը պետք է պաշտոնանկ արվի, քանի որ վարկաբեկել է դատական իշխանությանը՝ պարբերաբար քննադատելով դատական համակարգը և Բարձրագույն դատական խորհրդին։

Հարությունյանը դիմել էր Սահմանադրական դատարան, հայտնել, որ դատավորների անկախությունը երաշխավորող կառույցը խախտել է իր իրավունքները՝ դատավարության ժամանակ իրեն հեռացրել է դատական նիստերից, 17 րոպե տևած քննությունն անցկացրել առանց փաստաբանների և լրատվամիջոցների ու իրեն ենթարկել ամենախիստ պատժի։

«Եթե իրենք վերանայելու մասին որոշում կայացնեին, ապա բախվելու էին իրենց համար օրենքով նախատեսված մի քանի անցանկալի իրավիճակի, մասնավորապես՝ պետք է մի քանի հարցերի պատասխան տային, օրինակի համար՝ այդ ենթադրյալ խախտման պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հարցին, պետք է փաստացի դատավորի կարգավիճակը վերականգնվեր, որը իրենց համար, բնականաբար, նախապես որոշված ամենա ոչ ցանկալի ելքն էր: Հետևաբար, աճպարարություն արեցին և շրջանցելով գտան, թե իբր չեն վերանայում որոշումը», - ասաց Դավիթ Հարությունյանը:

Ու մինչ Սահմանադրական դատարանը պահանջել է վերանայել այդ որոշումը, Բարձրագույն դատական խորհուրդն այս առիթով 132-էջանոց որոշում է հրապարակել ու եզրահանգել՝ դատավորին պատասխանատվության ենթարկելու որոշումը չի վերանայի։

Չնայած սրան, ԲԴԽ-ից այսօր «Ազատությանը» տված գրավոր պարզաբանման մեջ ընդգծում են՝ «ԲԴԽ-ն կատարել է Սահմանադրական դատարանի կողմից Դավիթ Հարութունյանի վերաբերյալ ներկայացրած դիրքորոշումը»։ Ստացվում է՝ կատարել է, բայց որոշել է չվերանայե՞լ, հարցնում է նախկին դատավորը։

«Խնդիրը կոնկրետ նաև իմ անձի հետ կապված չէ, այստեղ խնդիրը պաշտոնատար անձանց մասին է խոսքը ուղղակի, որոնք որ ոչ միայն չեն կատարում դատարանի որոշումները, այլև ընդհանրապես անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում թե՛ Սահմանադրական դատարանի ինստիտուտի նկատմամբ, թե՛ ընդհանրապես գործող օրենքների, մեր միջազգայնորեն ընդունված պահանջների, պարտավորությունների նկատմամբ», - պնդում է Հարությունյանը:

Դատավորների անկախությունը երաշխավորող կառույցից պարզաբանում են՝ գրավոր ընթացակարգով են քննել, Հարությունյանին հնարավորություն տվել լրացնել այն ժամանակ բաց թողածն ու դիրքորոշում հայտնել, վերջում էլ որոշել են՝ չեն վերանայում այդ որոշումը։

Նախկին դատավորը, սակայն, պնդում է՝ ՍԴ որոշումից հետո ԲԴԽ-ն ընդամենը մի գործողություն պետք է աներ՝ վերանայեր իրեն ազատելու որոշումը, այսինքն՝ նոր դատավարություն սկսեր, որին կարող էին մասնակցել նաև լրատվամիջոցները, իր փաստաբանները, ու նոր որոշում կայացներ՝ նոր ամսաթվով, նոր բովանդակությամբ, գուցեև իր համար ոչ ցանկալի, ոչ թե գրեր, թե իրեն պաշտոնից ազատելու մասին որոշումը չի վերանայվում, բայց և պնդեր, որ կատարել է Բարձր դատարանի պահանջը։

Իր իրավունքները վերականգնելու համար նաև Եվրոպական դատարան դիմած Հարությունյանը պատրաստվում է պատասխանատվության կանչել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ու կառույցի մյուս անդամներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG