Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով գագաթնաժողովի (COP29) շուրջ ցածր մասնակցություն է նկատվում, շահագրգիռ կազմակերպությունները որոշել են կա՛մ չմասնակցել Ալիևի կողմից հյուրընկալվող հավաքին, կա՛մ փոքր պատվիրակություն ուղարկել։ Այս մասին գրում է ամերիկյան Politico պարբերականը՝ թվարկելով մի շարք պատճառներ՝ Ալիևի ավտորիտար ռեժիմը, նավթի արդյունահանման ոլորտում Ադրբեջանի քաղաքականությունը, ինչպես նաև Դոնալդ Թրամփի վերստին ԱՄՆ նախագահ ընտրվելու հեռանկարը։
Պարբերականի ուսումնասիրությունը փաստել է, որ ի տարբերություն անցած տարի Դուբայում կազմակերպված ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով համաժողովի՝ Բաքվի հավաքի հնարավոր մասնակիցների կազմը նույնքան տպավորիչ չի լինի․ շատերն, ըստ հոդվածի հեղինակների, նախապատվությունը տալիս են հաջորդ տարի Բրազիլիայում կազմակերպվող COP29-ին , որն ավելի վճռորոշ նշանակություն ունի, քանի որ հենց այդ հավաքի ընթացքում պետք է ավարտին հասցվի կլիմայի ռազմավարության մասին փաստաթուղթը:
Politico-ն նշում է, որ նվազ կարևոր չէ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի գործոնը, ով հայտնի է գլոբալ տաքացման, կլիմայի հարցերում իր հոռետեսական դիրքորոշմամբ և ընտրվելու դեպքում կարող է կասկածի տակ դնել Բաքվի հավաքի արդյունքները։ Հանրապետական գործիչն առհասարակ սպառնում է ընտրվելու դեպքում երկրորդ անգամ ԱՄՆ-ը դուրս բերել Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրից։
«Թրամփի երկրորդ նախագահության հեռանկարը հարցեր է հարուցել աշխարհով մեկ՝ Եվրոպայից մինչև տնօրենների խորհուրդներ, թե որքան հավակնոտ կարող են մոտենալ կորպորատիվ դերակատարները հաջորդ COP-ին», - պարբերականի հետ զրույցում նշում է ClearView Energy Partners խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Քևին Բուքը:
Սա, ինչպես ենթադրում է Politico-ն, չի նշանակում, որ Բաքուն կզրկվի կորպորատիվ շոուից կամ խոշոր նավթագազային ընկերությունների մասնակցությունից, որոնք նման հարթակներն օգտագործում են սեփական գործարքներն առաջ մղելու համար։ Բայց ամերիկյան լրատվամիջոցների ուսումնասիրությունները փաստում են, որ բազմաթիվ ընկերություններ նախընտրում են Բաքու մեկնելու փոխարեն մասնակցել, օրինակ, սեպտեմբերին՝ «Նյու Յորքի Կլիմայական շաբաթ»-ին կամ հոկտեմբերին` Կոլումբիայում կազմակերպվելիք COP16-ին։
«Ընդհանուր առմամբ, եթե ես նախատեսեմ ինչ-որ բան անել կլիմայի հարցով այս աշնանը, ախր այս COP-ն այնքան անորոշ է, հատկապես՝ մեր ընտրությունների հետ կապված, ես կգնամ Կլիմայի շաբաթվան», - ԱՄՆ Առևտրի պալատի Գլոբալ էներգետիկ հարցերով գլոբալ ինստիտուտի փոխնախագահ Դեն Բայերսի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը՝ հավելելով, որ Ամերիկայից Բաքու կուղևորվի ավելի փոքր պատվիրակություն, քան Դուբայ էր մեկնել անցյալ տարի։
Climate Group-ը , որը կազմակերպում է նյույորքյան հավաքը, մասնակցության հայտերի, բանախոսների թվի կտրուկ աճ է արձանագրել՝ 1350 հայտ՝ 2023-ի 650-ի դիմաց․ թե ինչով է պայմանավորված այդ մեծ հետաքրքրությունը, կազմակերպիչները դժվարացել են պատասխանել։
Politico-ն գրում է, որ Ադրբեջանի հետ կապված նյարդային վերաբերմունք կա, «ոչ բոլորն են վստահ, որ այդ երկիրը կարող է որակյալ համաժողով կազմակերպել»։
Կա նաև մեկ այլ հանգամանք, շարունակում է թերթը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը մեծապես կապված է նավթից և գազից ստացվող եկամուտներից, ու շատ ընկերություններ մտավախություններ ունեն, որ Բաքուն «գրինվոշինգով»է զբաղվում։ Ընդ որում՝ նախագահ Ալիևը բացեիբաց հայտարարում է, որ իր երկրի պես նավթ ու գազ արդյունահանող երկրները պետք է շարունակեն ներդրումներն այդ ոլորտում՝ մի քաղաքականություն, որը հակասում է անցյալ տարվա COP28-ի արդյունքներին։ Այդ հավաքի մասնակիցները, ընդհակառակը, հորդորում են արագացնել արդյունահանվող վառելիքից հրաժարումը։
«Չկա Ադրբեջանի շուրջ մեծ իրարարանցում ոլորտի կողմից», - Politico-ի հետ զրույցում ասել է բրիտանական կառավարության ՝ էներգետիկ հարցերով բարձրաստիճան մի պաշտոնյա՝ ցանկանալով անանուն մնալ։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանի ընտրությունը կլիմայի հարցերով համաժողովի համար «անհաջող է, ինչի համար մասնակիցները նյարդայնանում են»։
Ամերիկյան առաջատար պարբերականը ծավալուն հոդվածում թվարկած պատճառներին հավելել է ևս մեկը, որի մասին նույնպես թերթի զրուցակիցները հիշատակել են՝ COP29-ին չմասնակցելու որոշումը շատ դեպքերում նաև մարդկային է՝ Բաքուն զբոսաշրջության առումով նվազ գրավիչ է։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովն Ադրբեջանում անցկացնելու որոշումը կայացվել է անցած դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց․ որոշումն ընդունվել է այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնել է ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։
Միջազգային իրավապաշտպան կառույցները, Ալիևի վարչակազմի ընդդիմախոսները քննադատել են հեղինակավոր միջոցառումը Բաքվում անցկացնելու որոշումը՝ կոչ անելով հավաքի մասնակիցներին հասնել Ադրբեջանի բանտերում պահվող ավելի քան 300 քաղբանտարկյալների ազատ արձակմանը, սահմանափակումների թուլացմանը։