Մատչելիության հղումներ

Կմեկնի՞ Բաքու Արարատ Միրզոյանը. COP29-ին մասնակցելու հրավերը Հայաստանի արտգործնախարարին են ուղարկել


Ադրբեջանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին հրավիրել է Բաքու՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP29 համաժողովին։

«COP29 համաժողովի նախագահ Մուխտար Բաբաևը պաշտոնական հրավեր է ուղարկել Հայաստանի արտգործնախարարին», - ասել է Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն՝ ընդգծելով, թե հաշվի առնելով, որ կողմերը չունեն դիվանագիտական հարաբերություններ, «Բաքվի այս քայլը ցույց է տալիս Ադրբեջանի բարի կամքն ու ներառական մոտեցումը»։

«Այժմ Հայաստանի կառավարությունը պետք է որոշում կայացնի», - ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնականը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռ չի պատասխանում հարցին՝ արդյոք Արարատ Միրզոյանը կընդունի Բաքվի հրավերը և կմեկնի Ադրբեջան։ ԱԳՆ-ից միայն փոխանցում են՝ «հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնեն»։

Ուշագրավ է, որ COP29-ին մասնակցության հրավերը ուղարկվել է ոչ թե վարչապետ Փաշինյանին, այլ Արարատ Միրզոյանին։ Մինչդեռ անցած ամիս հենց ադրբեջանական մեդիա-տիրույթում տեղեկություններ էին շրջանառվում, թե Բաքու է մեկնելու Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատասխան Հայաստանի վարչապետի խոսնակն ասել էր, թե Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում:

Ինքը Փաշինյանն անցած ամիս անպատասխան էր թողել «Ազատության» ուղիղ հարցը՝ արդյոք կմեկնի Բաքու՝ մասնակցելու COP29 համաժողովին: «Գիտե՞ք, ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագիրն ստորագրելու, և խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ», - ասել էր վարչապետը:

Բաքվում, մինչդեռ, չեն թաքցնում հենց COP29-ի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթուղթ ստորագրելու ցանկությունը։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն անցած մայիսին COP29 համաժողովը լավ հնարավորություն էր համարել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Սակայն պաշտոնական Բաքուն այժմ խոսում է, ոչ թե խաղաղության պայմանագիր ստորագրելու, այլ հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության գալու մասին։

«Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները նախքան լայնածավալ պայմանագրի կնքումը: Այդ սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն, ընդգծելով, որ կողմերը հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ը։

Պաշտոնական Երևանը հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու Բաքվի առաջարկին չի արձագանքել։ Փոխարենը պնդում է՝ պատրաստ է մեկ ամսում ամբողջացնել խաղաղության պայմանագրի տեքստն ու ստորագրել այն։

Ի դեպ, այն, որ խաղաղության պայմանագրի մեծ մասը համաձայնեցված է, նախօրեին հայտարարեց նաև Ադրբեջանի նախագահը։

«Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրին, ապա ինչպես ինձ տեղեկացրել է արտգործնախարարը, տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձանեցված է։ Հայաստանը ստիպված եղավ հրաժարվել այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի հետ կապված տերմիններից և վերապահումներից, ինչ էլ ճանապարհ բացեց հարաբերությունների կարգավորման համար», - նշել է Ալիևը։

Սակայն Իլհամ Ալիևը կրկին վերահաստատել է Ադրբեջանի նախապայմանները. Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավոր է, առաջին՝ եթե Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը և երկրորդ՝ եթե ընդունի Բաքվի առաջարկը՝ դիմել ԵԱՀԿ-ին՝ երեք տասնամյակ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղված Մինսկի խումբը լուծարելու համար։

Մինչ արտաքին քաղաքական գերատեսչությունը որոշում կկայացնի՝ մեկնել Բաքու թե ոչ, Հայաստանի իշխանությունից խուսափում են գնահատել Ադրբեջանի հրավերը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» շուրջ մեկ տասնյակ պատգամավորներ կա՛մ զանգերին չեն պատասխանում, կա՛մ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են արձագանքել։

«Ամենակարևորը՝ մենք պիտի հարցնենք՝ ի՞նչ կտա այդ միջոցառման մասնակցությունը մեզ, և էդ հարցի պատասխանը այն է, որ չի կարող որևէ բան տալ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Քրիստինե Վարդանյանը:

Նրա համոզմամբ, Ադրբեջանը, պաշտոնապես Հայաստանի արտգործնախարարին հրավիրելով Բաքու, փորձում է միջազգային հանրության առջև հանդես գալ իբրև խիստ կառուցողական մի երկիր՝ ցույց տալու համար, որ չնայած առկա խնդիրներին և պատերազմներին, պատրաստ է իր հարկի տակ հյուրընկալել Հայաստանի արտգործնախարարին։ Ընդդիմաիր պատգամավորը, այդուհանդերձ, վստահ է, որ որևէ օգուտ Հայաստանը COP29-ին մասնակցությունից չի ստանալու, փոխարենը օգնելու է Բաքվին բարձրացնել իր հեղինակությունը։

«Այո, կարող է Բաքվին օգնել՝ ներկայանալ կիրթ և կառուցողական դիրքերից, ինչպես ավելի վաղ Ալիևին բնութագրել էր Փաշինյանը», - ասաց Վարդանյանը:

«Հայաստան» խմբակցության պատգավորը նաև չ բացառում, որ COP29 համաժողովը Բաքուն օգտագործի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ Շուշի այցելություններ կազմակերպելով. - «Լավագույն տարբերակը իսկապես կլիներ զերծ մնալ այդպիսի արկածախնդրությունից»:

Միջազգային կարևորություն ունեցող COP29 համաժողովը շուրջ չորս ամսից տեղի կունենա Բաքվում՝ հենց Հայաստանի աջակցությամբ: Անցած տարի որպես բարի կամքի քայլ՝ Հայաստանը հանել էր իր թեկնածությունը, աջակցություն հայտնելով համաժողովը հյուրընկալելու Ադրբեջանի թեկնածությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG