Բաքուն նոյեմբերի 19-ին Հայաստանի դեմ գործով հայցադիմումի հիմնական փաստաթուղթն է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ դատարանին մանրամասներ են ներկայացրել էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխան իրավունքի բազմաթիվ խախտումների մասին՝ նշելով, որ սա 2023-ի փետրվարի 27-ի հայցադիմումի տրամաբանական զարգացումն է։
Բաքուն նշել է, թե «Հայաստանը միջազգայնորեն ճանաչված տարածքների ապօրինի օկուպացիայի 30 տարիների ընթացքում թույլ չի տվել Ադրբեջանին մուտք գործել կամ զարգացնել այդ տարածքներում իր էներգետիկ ռեսուրսները՝ այդ ռեսուրսներն օգտագործելով իր օգտին»։
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե կշարունակի փոխհատուցում պահանջել այդ խախտումների համար։
Հաագայի դատարանը, որ արդեն երեք տարի է՝ քննում է Երևանի ու Բաքվի հակընդդեմ հայցերը, նոյեմբերի 12-ին հրապարակեց նախնական վճիռները՝ մերժելով Ադրբեջանի ներկայացրած բոլոր առարկությունները։ Դրանից հետո արդեն կսկսվի բուն դատաքննությունը։
Հայաստանն Ադրբեջանին մեղադրում է հայերի դեմ գործած հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանություններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք։ Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել։
Բաքուն հայտարարել է, թե կշարունակի ջանքերը՝ պատասխանատվության ենթարկելու Հայաստանին «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների երկարատև օկուպացիայի և հակամարտությունների ընթացքում մարդու միջազգային իրավունքների բազմաթիվ խախտումների համար»։
Ադրբեջանի արտգործնախարարությունը շեշտել է՝ նաև միջազգային իրավական այլ հարթակներում է պայքարում, այդ թվում՝ ֆինանսական փոխհատուցում ստանալու պահանջով»։