Բաքուն կշարունակի ջանքերը պատասխանատվության ենթարկելու Հայաստանին՝ «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների երկարատև օկուպացիայի և հակամարտությունների ընթացքում մարդու միջազգային իրավունքների բազմաթիվ խախտումների համար», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունն՝ արձագանքելով Հաագայի դատարանի երեկվա որոշումներին։
Հաագայի դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում երեկ մերժեց Բաքվի բոլոր, բավարարեց Հայաստանի երկու առարկությունները։
Հայաստանն Ադրբեջանին մեղադրում էր հայերի դեմ գործած հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանություններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք։ Ադրբեջանը հակընդդեմ հայց էր ներկայացրել Հայաստանի դեմ։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, թե Արդարադատության միջազգային դատարանը միակ իրավական հարթակը չէ, որ Ադրբեջանը հայց է ներկայացնում Հայաստանի դեմ։
Բաքուն շեշտել է՝ նաև միջազգային իրավական այլ հարթակներում է պայքարում այդ թվում՝ ֆինանսական փոխհատուցում ստանալու պահանջով՝ «Հայաստանի կողմից միջազգային իրավունքի մի շարք խախտումների, այդ թվում՝ օկուպացիայի ընթացքում միջավայրի և էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացման համար»։