Մատչելիության հղումներ

Երեքուկես տարում՝ 13 նորակառույց տուն Շուռնուխում. բնակիչները սպասում են նոր թաղամասի բացմանը


Շուռնուխ գյուղում նոր տներ են կառուցվում, արխիվ
Շուռնուխ գյուղում նոր տներ են կառուցվում, արխիվ

Կառավարությունը երեքուկես տարում հաջողացրեց Շուռնուխում 13 տուն կառուցել։ Ավարտական ակտը մայիս 10-ի ամսաթվով՝ կա:

Շինարարության ավարտը 4 անգամ հետաձգվել է։ Այս ընթացքում հենց Շուռնուխի քթի տակ Արցախի ադրբեջանական դարձած տարածքներում Բաքուն օդանավակայաններ, մայրուղիներ ու նորակառույցներ է շահագործում, իրենց 13 տունն ի՞նչ է, որ հիմա էլ բանալիների հանձնումն են ձգձգում:

Այդ տներից մեկին սպասող Նաթելլա Հարությունյանը, այնուամենայնիվ, չի հանձնվում, լավատես է. - «Անակնկալ են ուզում անեն աչքիս»:

Գյուղում այսօր նկատել են, որ Շուռնուխ բերող դժվարանցանելի ճանապարհները կարգի են բերվում, ենթադրել են՝ վարչապետի հանդիսավոր այցին ընդառաջ, բայց՝ ոչ:

Համայնքապետն էլ չգիտի՝ երբ կլինի Շուռնուխի նոր թաղի բացումը։ Այս տներին սպասում են գյուղի ադրբեջանական դարձած ներքևի թաղի բնակիչները։ 20 թվականի եռակողմ հայտարարությունից հետո 12 տներ անցան Ադրբեջանին։ Կառավարությունը անմիջապես խոստացավ նոր թաղամաս՝ տուն, գոմ, տնամերձ՝ կորցրած տների տերերին։

12 տան բնակիչները՝ շուրջ 38 հոգի շինարարության ձգձգման այս տարիներին վարձով էին ապրում ու մինչև նախորդ տարեվերջ պետությունից փող էին ստանում՝ յուրաքանչյուրը 68 հազար դրամ։ Փողն արդեն 5 ամիս չեն ստանում, նոր բանալիներ էլ չեն ստանում:

Տաթևիկ Ջավահիրյանն ամուսնու հետ Գորիսում է սպասում նոր տանը։ Նրա հին տան գլխին արդեն 4 տարի ադրբեջանական դրոշ է ծածանվում։ Նոր տունը լավ է, բայց տիկին Տաթևիկը այնքան էլ վստահ չէ, որ կկարողանա իր գյուղում վերահաստատվել:

Շուռնուխում հայերն ու ադրբեջանցիները մի քանի մետրի վրա են, ռուսներն իրենց զրահատեխնիկայով երկուսի մեջտեղում էին:

Լրագրողների համար էլ գյուղը գրեթե փակ է. նկարահանում հազվադեպ է թույլատրվում։ Գյուղում կանոնավոր շարժ ապահովում է միայն մի միկրոավտոբուս, որ շաբաթը երկու անգամ անցնում է Շուռնուխով։

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG