Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահն ակնկալում է առաջիկայում հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջը


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, արխիվ

Ազգային ժողովի նախագահն ակնկալում է առաջիկայում հանդիպել Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային: Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ իրենց նախորդ հանդիպումը հյուրընկալած կողմն այժմ դրանով է զբաղված:

«Ես անձամբ ակնկալում եմ իմ և իմ ադրբեջանցի գործընկերոջ հանդիպման վերաբերյալ լուրին, որպեսզի շարունակենք մեր խոսակցությունը»,- «Ազատության» հետ զրույցում նշեց խորհրդարանի խոսնակը՝ միաժամանակ շեշտելով, որ հնարավոր հանդիպման վերաբերյալ այս պահին հստակություն չկա։

Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի խոսնակները վերջին անգամ հանդիպել են մայիսին Ժնևում՝ Միջխորհրդարանական միության հավաքի շրջանակներում։ Եվս մեկ հանդիպում պետք է տեղի ունենար հոկտեմբերին՝ կրկին Ժնևում, բայց, ըստ հայկական կողմի, վերջին պահին Գաֆարովան հրաժարվել էր։

Միլլի մեջլիսի նախագահն այսօր հայտարարել է, թե Երևանի հետ խաղաղության գործընթացը Բաքվի ջանքերով քայլ առ քայլ առաջ է գնում:

Արդյոք սա նշանակո՞ւմ է , որ չհամաձայնեցված կետերի շուրջ առաջընթաց կա, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. - «Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում այդ հայտարարության մեջ, թեև ամբողջ աշխարհին ակնհայտ է, թե Հայաստանն ինչպիսի ջանքեր է գործադրում, անգամ ներսում քննադատվում դրա համար, բայց ես նորմալ եմ վերաբերվում այդ հայտարարությանը, թե դա Բաքվի ջանքերի արդյունքում է առաջ գնում, կարևորը խաղաղության հաստատումն է:

Ինչ վերաբերում է համաձայնության հասնել-չհասնելուն, այս պահին նոր բան չկա, կա այն, ինչ բոլորիս է հայտնի»:

XS
SM
MD
LG