Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։
Մակրոնն X-ում, մասնավորապես, գրել է․ - «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներ այլևս չկան, ինչը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»։
Նախօրեին Բաքուն ու Երևանը հայտարարեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասաց՝ հայկական կողմը տեղեկացրել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց էին մնում:
Բայրամովը միևնույն ժամանակ հայտարարեց, թե «հաջորդ փուլում պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները, բացի այդ, պետք է լուծարվի Մինսկի խումբն ու դրա մնացորդները»։
Հայաստանի արտգործնախարարությունը միայն հայտարարեց՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Ինչ վերաբերում է հաջորդ փուլում Հայաստանից ակնկալիքներին՝ պաշտոնական Երևանն այդ հարցին իր հայտարարությունում չէ անդրադարձել։