Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի շուրջ փոխըմբռնումը»։
Հայաստանում Իրանի դեսպանության փոխանցմամբ, արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայը ողջունել է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի դրույթների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության մասին հայտարարությունը և այն համարել անհրաժեշտ և կարևոր քայլ՝ Հարավային կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։
ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ երկխոսության և դիվանագիտական ճանապարհով տարաձայնությունները լուծելու կողմերի ջանքերի շնորհիվ շուտով ականատես կլինեն երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։
Փարիզը ևս ողջունում է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։
Նախօրեին Բաքուն ու Երևանը հայտարարեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասաց՝ հայկական կողմը տեղեկացրել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց էին մնում:
Բայրամովը միևնույն ժամանակ հայտարարեց, թե «հաջորդ փուլում պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները, բացի այդ, պետք է լուծարվի Մինսկի խումբն ու դրա մնացորդները»։
Հայաստանի արտգործնախարարությունը միայն հայտարարեց՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Ինչ վերաբերում է հաջորդ փուլում Հայաստանից ակնկալիքներին՝ պաշտոնական Երևանն այդ հարցին իր հայտարարությունում չէ անդրադարձել։