Մասկի Tesla-կանները
Տաղանդավոր ու կրեատիվ, ապագայի մասին մտածող ու ապագան շոշափող մարդու համբավ ունի Իլոն Մասկը բիզնես աշխարհում։ «Աշխարհից աշխարհ» անցնելով, բայց, նրա կշիռն ու դիրքը, կարծես թե փոխվում են ու ընդլայնվում․ նա, ով երազում է Մարսը բնակեցնելու մասին, մինչ այդ սկսել է այս մոլորակի քաղաքական աշխարհը իրար տալ՝ թև տալով աջերին ու ոչ միայն։
Մասկի ահռելի կարողությունն ու աճող բիզնեսները՝ Tesla-ն, SpaceX, X-ը համաշխարհային խաղացողներ են ու մեծ ազդեցություն ունեն պետությունների ու հանրային կարծիքի ձևավորման վրա։
Քաղաքականության մեջ, բայց, 54-ամյա միլիարդատերը իր խոսքն ասաց 2022-ին, երբ 44 միլիարդ դոլարով գնեց Twitter-ն ու անվանափոխեց այն X-ի։
Մասկը բոլորին ազատեց մոդերացվելու «վտանգից» ու դրա անունն «ազատ խոսքի իրավունք» դրեց՝ կանաչ լույս վառելով ծայրահեղական կարծիքների ու քննարկումների, միգրանտների մասին կեղծ լուրերի ու խտրական վերաբերմունքի համար։ Բայց առաջին գործերից մեկը, որ արեց սոցցանցի նոր տերը, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի արգելափակված էջը վերականգնելն էր։
Bromange. Եղբայրությունը Թրամփի հետ
Աշխարհի ամենահարուստ մարդն արդեն երկու ոտքով ամերիկյան քաղաքականության մեջ է․ նա ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմն է ու Սպիտակ տուն է գնալու որպես Կառավարման արդյունավետության դեպարտամենտի ղեկավար։ Իլոն Մասկը 250 մլն դոլարից ավելին է ծախսել Թրամփի քարոզարշավին աջակցելու համար ու դարձել ամերիկյան քաղաքական պատմության խոշորագույն դոնորներից մեկը։
Մասկի հետաքրքրությունը դեպի Եվրոպա. Գերմանիան ու Մեծ Բրիտանիան
Չնայած Մասկը եվրոպական որևէ երկրի քաղաքացիություն չունի, բայց շատ է հետաքրքրված՝ ինչ է կատարվում հին աշխարհամասում ու հատկապես Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում։ Մասկը բացահայտ աջակցում է այս երկրների ծայրահեղ աջերին, հարցազրույցի է հրավիրել ու նաև այդպես իր համակրանքը հայտնել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ղեկավար Ալիս Վայդելին։ Մասկը չի ընդունում այս կնոջ ու Հիտլերի միջև զուգահեռները․ ասում է՝ Վայլդելը բացահայտ լեսբուհի է, «բա դա Հիտլերին նմա՞ն է»։
Փետրվարին Գերմանիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Մասկի անմիջական միջամտության մասին կոնկրետ փաստեր չկան։ Բայց հարցումների համաձայն՝ նրա միայն գովեստներն արդեն դրական են ազդում ծայրահեղ աջերի վարկանիշի վրա․ հարցվածների 59 տոկոսն այդպես է կարծում։
«10 տարի առաջ ո՞վ կմտածեր, որ խոշորագույն սոցցանցերից մեկի ղեկավարն ուղղակիորեն կմիջամտի ընտրություններին, այդ թվում՝ Գերմանիայում», - ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։
Մասկին նաև Գերմանիայի կանցլերն ու Իսպանիայի վարչապետն են քննադատել։
Փողը, որ թելադրում է
Մասկի կարողությունն անցնում է 416 միիլարդ դոլարն անցնում է։
«Փողը և իշխանությունը ժամանակակից քաղաքականության ռազմավարական-միջուկային զենքերն են, և Մասկը երկուսն էլ կարող է օգտագործել աննախադեպ մասշտաբով», - համոզված է Սթիվ Բեննոնը՝ Սպիտակ տան նախկին գլխավոր ստրատեգը։
Նրա կարծիքով՝ եթե Մասկն այնքան ներուժ դնի Եվրոպայում, որքան ներդրեց Թրամփի նախընտրական քարոզարշավում, «ցնցող արդյունքներ կլինեն»։
«Նոր սերնդի ամենահաջողական կապիտալիստը»
Բիզնեսմեն Մասկը, բայց, քաղաքականության մեջ մտնելու այլ, «ոչ գաղափարական» շարժառիթներ էլ կարող է ունենալ։ Օրինակ՝ ԱՄՆ ճանապարհային անվտանգության գործակալությունը հետաքննում է ինքնուրույն վարվող Tesla մեքենաների մասնակցությամբ վթարները։
Փորձագետները նաև մտահոգիչ են համարում՝ Մասկն ուղիղ ազդեցություն ունի աշխարհի ազատ և անկախ երկրների վրա՝ շնորհիվ իր տիեզերական արբանյակների։ Սա նշանակում է՝ նա կոմերցիոն հարաբերություններ ու բիզնես շահեր ունի։
Արևտյան մեդիան նրան արդեն կոչում է «նոր սերնդի ամենահաջողակ կապիտալիստ» ու «օլիգարխ»։ Իսկ ինքը՝ Մասկը, Insider-ին խոստովանել է՝ երբեմն ինքը միայնակ է զգում և երջանկությունից խոսում․ - «Ես երջանիկ կլինեմ, եթե մարդկությունը Մարսի վրա ինքնաապահովված քաղաք ունենա, որովհետև այդ պարագայում մարդկության հավանական երկարակեցությունը կավելանա»։