Մատչելիության հղումներ

Արցախի ԱԺ պաշտոնյաները շարունակում են պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ․ Բաղունցը՝ Սիմոնյանին


Գագիկ Բաղունց, Ալեն Սիմոնյան
Գագիկ Բաղունց, Ալեն Սիմոնյան

«Իմ (ԱՀ ԱԺ) մահվան մասին լուրը խիստ չափազանցված է», մեջբերելով ամերիկացի գրող Մարկ Տվենի տողերն՝ այսպես է արձագանքել Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությանը։

Երեկ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը համոզմունք էր հայտնել, որ պետք է լուծարել Հայաստան - Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ձևաչափն, ինչպես նաև վերնայել Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի նշանակությունը՝ ընդգծելով․ - «Իրավական առումով Լեռնային Ղարաբաղ միավորում գոյություն չունի»։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում: Սեպտեմբերի 28 -ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախը լուծարելու մասին հրամանագիր ստորագրեց։

Բաղունցն էթնիկ զտում է որակել սեպտեմբերին տեղի ունեցածն, ապա շեշտել՝ էթնիկ զտումից հետո Արցախի ԱԺ պաշտոնյաները/ պատգամավորները/, «ստանալով Արցախի ժողովրդի քվեն 5 տարի ժամկետով, շարունակում են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ և հնարավոր բոլոր ջանքերը գործադրել անվտանգության երաշխիքների ներքո ապահովելու նրանց հավաքական վերադարձը հայրենիք»:

«Ինչ վերաբերում է միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելուն, ապա դրա համար կան արձանագրված համապատասխան մեխանիզմներ», - նշել է Բաղունցը՝ հիշեցնելով՝ Արցախի ԱԺ միջխորհրդարանական ու բարեկամական խմբերի աշխատանքներն ու հարաբերությունները շարունակվում են Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Բելգիայի և այլ երկրների խորհրդարանականների և խմբերի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG