«Հայաստանը պետք է հրաժարվի ռազմականացման քաղաքականությունից», - այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահը, սպառնալով՝ դրան պետք է վերջ տրվի, քանի դեռ ուշ չէ։
«Ես այդ մասին բազմիցս եմ ասել, և նրանք գիտեն, որ իմ խոսքը պետք է լսել։ Նրանք երբեք չեն կարող ոտք մեկնել մեզ հետ», - շեշտել է Իլհամ Ալիևը։
Դիմելով Ադրբեջանի ժողովրդին 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ՝ Ալիևը պնդել է, թե Բաքուն նոր պատերազմ չի ուզում և «իր տարածքային ամբողջականությունը վերականգնելով»՝ արդեն հասել է նպատակներին։ Խոսելով խաղաղության մասին՝ Ալիևը միաժամանակ ընդգծել է՝ ադրբեջանցիների ներկայիս ու ապագա սերունդը չպետք է մոռանա՝ ինչ են արել հայերը, և պետք է պատրաստ լինի ցանկացած սադրանքի։
Ալիևը պնդել է, թե արևմտյան մայրաքաղաքները հրահրում են Հայաստանին գնալ նոր առճակատման
«Օկուպացիայի երեսնամյա պատմությունն անհնար է ջնջել մեր հիշողությունից։ Երբե՛ք։ Յուրաքանչյուր ոք, որ կցանկանա փորձել մեր ուժը, կրկին պարտություն կկրի և միայն կխայտառակվի։ 44-օրյա հայրենական պատերազմն ու հակաահաբեկչական գործողությունը ոչ միայն Հայաստանի պարտությունն է, այլև դառը ու ստորացուցիչ պարտությունը նրանց, որ կանգնած էին Հայաստանի ետևում», - նշել է նա։
Կոնկրետ երկրներ ու անուններ Ալիևը չի տվել, բայց մեղադրանքի սլաքն ուղղել է Արևմուտքի կողմը։ Ելույթի մի հատվածում, մասնավորապես, նա պնդել է, թե հիմա «որոշ արևմտյան հովանավորներ ցանկանում են Հայաստանը որպես «խաղաղության աղավնի ներկայացնել», քիչ անց էլ հավելել, թե «արևմտյան մայրաքաղաքները հրահրում են Հայաստանին գնալ նոր առճակատման»։
«Հակաադրբեջանական ուժերը, որ չեն ցանկանում հաշտվել այս իրավիճակի հետ, որոշ արևմտյան մայրաքաղաքներում նստած իսլամաֆոբները նոր պատերազմի են դրդում Հայաստանին», - հայտարարել է նա։
Պաշտոնական Բաքուն էլ հայտարարել է, թե պատերազմը «Հայաստանն է սկսել»
Արտգործնախարարությունն էլ կրկին պնդել է, թե «44-օրյա պատերազմը Հայաստանն էր սկսել», որ Երևանն է տապալել բանակցային գործընթացը՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» հայտարարությամբ, և որ «այս պայմաններում Ադրբեջանը ստիպված էր գնալ ինքնապաշտպանության»։
Խոսելով խաղաղության շուրջ այսօր շարունակվող բանակցություններից՝ Բաքուն ընդգծել է՝ պայմանագրի ստորագրմանը խոչընդոտող մի շարք վտանգներ կան՝ այդ շարքում դասելով ոչ միայն Հայաստանի Սահմանադրությունն, այլև ռազմականացումը։
«Խաղաղության գործընթացը ավարտին հասցնելու համար դեռ կան մարտահրավերներ ու վտանգներ։ Մասնավորապես, Հայաստանի Սահմանադրության մեջ արտացոլված տարածքային նկրտումները մեր երկրի հանդեպ, ինչպես նաև Հայաստանի ռազմականացումը՝ այդ երկրին ռազմական ագրեսիայի դրդող ուժերի ֆոնին», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Իր սկսած պատերազմները որակելով ազատագրական՝ Ալիևն այսօր Բաքվում «Հաղթանակի զբոսայգի» է բացել։ Միջոցառմանը, ի դեպ, ներկա են եղել ոչ միայն փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, այլև նրանց որդին՝ կրստեր Հեյդար Ալիևը, որը վերջին շրջանում առավել հաճախ է հայտնվում տեսախցիկների առջև ու նաև պաշտոնական հանդիպումների մասնակցում։