Փետրվարի 24-ից առայսօր ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ավելի քան 150 լրագրող է հեռացել Ռուսաստանից:
Անկախ լրագրողների համար Ռուսաստանը վտանգավոր երկիր է, որտեղ, գործող օրենքով՝ կեղծ լուր է որակվում ցանկացած տեղեկություն, որը հակասում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական տեղեկատվությանը։ Նման տեղեկատվության տարածումը կարող է հանգեցնել մինչև 15 տարվա ազատազրկման։
Ռուսաստանը լքած լրագրողներից մեկը՝ Ռոման Բադանինն է. - «Անաչառ, անկախ լրագրությունը մեր օրերում չափազանց կարևոր դեր ունի։ Միայն ճշմարիտ լրագրությունը կարող է արդյունավետ պայքարել քարոզչության դեմ։ Բոլոր անկախ լրագրողներն այժմ պետության թշնամիներ են. Ինչո՞ւ։ Պատասխանը պարզ է, քանի որ լրագրությունը Ռուսաստանում հանգեցնում է փոփոխությունների, և Կրեմլը իսկապես և խորապես վախենում է լրագրողներից»։
«Դոժդ» հեռուստաընկերության, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի, «Մեդուզա»-ի և «Նովայա գազետա»-ի լրագրողները լքեցին երկիրը, երբ Կրեմլը արգելափակեց նրանց լրատվամիջոցների գործունեությունը Ռուսաստանում։ Միջազգային տարբեր կազմակերպություններ, այդ թվում ՝ Լրագրողների միջազգային կենտրոնը աջակցում է նրանց։
«Մենք հիմա փորձում ենք աջակցել բոլոր այն լրագրողներին, ովքեր ստիպված լքել են Ռուսաստանը, բայց շարունակում են իրենց գործունեությունը արտերկրում։ Մենք անում ենք առավելագույնը, օրինակ՝ դրամաշնորհներ ենք առաջարկում», - ասում է Լրագրողների միջազգային կենտրոնի նախագահ Շարոն Մոշավին։
«Լրագրողներ առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատում է արգելափակված ռուսալեզու լրատվամիջոցների, ինչպես նաև անկախ լրագրողների հետ։ Ստեղծել են հայելային կայքեր, որտեղ հասանելի են գրեթե բոլոր գրաքննված նյութերը:
«Մենք օգտագործեցինք մեր հայելային կայքերի տեխնոլոգիան, օրինակ Meduza-ն՝ ամենահայտնի անկախ ռուսական լրատվական կայքն ապաբլոկավորելու համար: Այն հսկայական աշխատանքը, որը մենք այժմ անում ենք Ռուսաստանում լրատվամիջոցների և լրագրողների հետ, չի գովազդվում անվտանգության նկատառումներից ելնելով», - ասում է «Լրագրողներ առանց սահմանների» գլխավոր խմբագիր Պոլին Ադես-Մևելը։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նաև հիմնադրամ է ստեղծել, որի միջոցներով օգնում են ռուս լրագրողներին տեղափոխվել առավել անվտանգ երկրներ, որտեղ նրանք կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը։ Շուրջ 100 լրագրողներ արագ կտեղափոխվեն Եվրամիության անդամ երկրներ։
Արդեն արտերկրում գտնվող ռուս լրագրողները միաժամանակ կոչ են անում միջազգային հանրությանը օգնել Ռուսաստանի իրենց գործընկերներին դրամաշնորհներ կամ փախստականի հատուկ կարգավիճակ ստանալու հարցերում։
Ներգաղթյալներիի հարցերով փաստաբան Նատալյա Պոլուխտինը կարծում է, որ եթե ռուսաստանցի լրագրողները կարողանան ԱՄՆ-ում գործատու գտնել, նրանք կկարողանան հատուկ վիզա ստանալ. - «Գործընթացն այնքան էլ բարդ չէ՝ եթե այդ անձը իսկապես զբաղվում է լրագրությամբ։ Բազմաթիվ տարբերակներ կան. Նրանք կարող են, օրինակ, դասախոսել համալսարաններում կամ զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ»։
Այն լրագրողները, ովքեր կորցրել են ամերիկյան վիզա ստանալու իրենց հույսը, ուղևորվել են դեպի ԱՄՆ-Մեքսիկա սահման:
«Նրանք հասնում են սահմանային անցակետ, արտաբերում են «քաղաքական ապաստան» կախարդական բառերը, և նրանց ընդունում են։ Պետք է նշեմ սակայն, որ գործընթացը բարդ է և նրանք հաճախ լուրջ խնդիրների են բախվում», - հավելում է ներգաղթյալներիի հարցերով փաստաբան Նատալյա Պոլուխտինը։
Փորձագետները կարծում են, որ երկիրը լքած անկախ լրագրողների մեծ մասը դժվար թե առաջիկայում Ռուսաստան վերադառնան: Ներկայումս նրանց մեկ բան է անհրաժեշտ՝ ապահով ապաստան, որտեղ կկարողնան ազատ և առանց վախի աշխատել։