Ոսկեպարցի Ֆրիդիկ Բարսեղյանն իր դարպասի դիմաց դեռ խորհրդային տարիներից մնացած բետոնե սյունն է, որ տասնամյակներ շարունակ հայ-ադրբեջանական սահմանն է ցույց տվել։ Անձրևներից տեղահանվել ու մեկ-երկու մետր առաջ է եկել։ Ոսկեպարցին ասում է՝ մինչև վերջերս սյան վրա Ադրբեջանի խորհրդային գերբն էլ էր երևում, հիմա հողի տակ է անցել։
Նախնական հայտարարություններով՝ Ֆրիդիկի ու իր 7 հարևանների տների առնվազն կեսը Ադրբեջանին կարող էին անցնել։ Ավելի ուշ, կառավարության ղեկավարը հանգստացրեց, թե Ոսկեպարում նոր սահմանագիծը միջպետական ճանապարհին ու տներին չի հասնի, ինչպես Կիրանցում է։ Բայց դա ոսկեպարցիներին չի հանգստացրել. հայտնի չէ՝ սահմանային սյուներն իրենց տները կշրջանցե՞ն, թե՞ մի օր էլ գյուղ կմտնեն, իրենց կհասնեն։
Իրենց տները կորցնելու վտանգից խոսող տավուշցիներին երկրի ղեկավարը դեռ երկու շաբաթ առաջ վստահեցրել էր՝ կառավարությունը բոլոր քաղաքացիների իրավունքներին տեր կկանգնի՝ տունն Ադրբեջանին անցնի՝ կփոխհատուցեն կամ նորը կկառուցեն։
«Զարգանալու են ի վերջո գյուղերը», - «Ազատության» հարցին ի պատասխան ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շեշտել՝ սահմանամերձ գյուղերում, այդ թվում՝ Տավուշի սահմանազատվող հատվածում կառավարության միջոցներով բնակելի տներ են կառուցվում՝ ամեն մեկի համար 16 միլիոն դրամ են ծախսում։
Պաշտոնական հավաստիացումները գյուղացիներին չեն համոզում, չնայած գյուղում պետական միջոցներով կառուցվող տներ կան։ Թող պաշտոնյաներ գան, ապրեն իրենց կողքին, որ զգան իրենց անհանգստության պատճառը, ասում են։
Ընդամենը 20 օր առաջ հայ հովիվ էր մոլորվել ու Ադրբեջանի տարածքում հայտնվել Սյունիքի Ներքին Խնձորեսկի հատվածում, որտեղ երկու կողմի սահմանապահներն են տեղակայված։ Կրակոցներ էին եղել։ Ոսկեպարի բնակիչները հարցնում են՝ արդյո՞ք զինվորների փոխարեն սահմանապահները կանգնեն, նման միջադեպեր չեն լինի նաև Տավուշում։
Մանրամասներն՝ «Ազատության» ռեպորտաժում.