Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն Ներքին Խնձորեսկի միջադեպի մասին. Ծառայողները խախտել են սահմանապահ ծառայության կանոնները


Ադրբեջանցիների դիրքերը Ներքին Խնձորեսկի հատվածում, 2021թ․
Ադրբեջանցիների դիրքերը Ներքին Խնձորեսկի հատվածում, 2021թ․

Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի հատվածում ապրիլի 10-ին տեղի ունեցած հրաձգության կապակցության ծառայողական քննության արդյունքները։

Ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր՝ միջադեպի պատճառ է դարձել մոլորված հայ հովիվը։

ԱԱԾ-ն այսօր մանրամասնել է, որ պարտադիր ժամկետային զինծառայող, սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն սահմանապահ ծառայողների հետ փորձել են հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և վերադարձնել հոտը՝ այդ կերպ խախտելով սահմանապահ ծառայություն կրելու կանոնները, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս․ «նշված սահմանապահ հատվածում սկսվել է անհարկի հրաձգություն, ակնհայտ վտանգի է ենթարկվել մարդկանց կյանքն ու առողջությունը, նկարագրված գործողություններն առաջացրել են պետության անվտանգության համար սպառնալիք, ինչպես նաև պետական սահմանի նշված հատվածում պատշաճ հսկողության բացակայության վիճակ»:

Ծառայությունը նաև նշում է, որ միջադեպի արդյունքում վիրավորվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող:

Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

ԱԱԾ-ն ապրիլի 10-ին հաղորդեց, որ հայ-ադրբեջանական սահմանի Ներքին Խնձորեսկի հատվածում միջադեպ է տեղի ունեցել․ ՀՀ քաղաքացի հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել, ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը, հովիվը ևս ՀՀ տարածքում է: Ըստ հաղորդագրության, միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմը մեկ վիրավոր ունի: ԱԱԾ-ն նշել էր, որ հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն և Ադրբեջանի սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության պատրաստակամություն հայտնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG