Անկախ բոլոր մարտահրավերներից, Հայաստանը հավատարիմ է կայուն զարգացման նպատակների խոստմանը, երեկ Նյու Յորքում, ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։
Վերջին չորս տարում Հայաստանն այն երկրների թվում էր, որոնք ստիպված էին դիմակայել բազմաթիվ ճգնաժամերի, ասել է Արարատ Միրզոյանը՝ շեշտելով՝ մինչև Հայաստանը փորձում էր մյուս երկրների նման հաղթահարել համաշխարհային համաճարակը, դրան զուգահեռ լայնածավալ պատերազմը, ագրեսիան Հայաստանի դեմ, Լեռնային Ղարաբաղում շրջափակման և էթնիկ զտումների արդյունքում շուրջ 115 հազար հայերի ներհոսքը Հայաստանի կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ գործադրած ջանքերը լուրջ վտանգի տակ դրեցին:
«Այնուամենայնիվ, անկախ բոլոր մարտահրավերներից, Հայաստանը հավատարիմ մնաց կայուն զարգացման նպատակների խոստմանը և իր ժողովրդի համար իրական փոփոխությունների կյանքի կոչմանը՝ կառուցելով ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, պաշտպանելով մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, նպաստելով սոցիալական ներառականությանը, գենդերային հավասարությանը և երիտասարդության հնարավորությունների խթանմանը», - հայտարարել է Միրզոյանը՝ ընդգծելով՝ մարդը կենտրոնական դեր է խաղում ՀՀ Կառավարության՝ 2030թ. օրակարգի իրականացման ջանքերում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը 2030թ. օրակարգի իրականացմանը և ավելի լավ վերականգնելու ջանքերին՝ «ոչ ոքի չթողնելով հետևում»:
«Մինչ մոտենում ենք ապագայի գալիք գագաթաժողովին, Հայաստանը պատրաստ է նպաստել հեռանկարային ապագայի և արդյունքներին միտված «Ապագայի Պակտի» ընդունմանը», - ասել է Միրզոյանը։