Մատչելիության հղումներ

ԱՆԻՖ-ի ձախողումից հետո ևս 2 տարի քննվող քրգործում առաջընթաց չկա


ԱՆԻՖ-ի շենքը, մայիս, 2024թ.
ԱՆԻՖ-ի շենքը, մայիս, 2024թ.

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի լուծարումից հետո դրան առնչվող քրեական գործով մեղադրյալներ չկան, տեղեկացանք Քննչականից։

Այս գործը հարուցվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ու Պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունից հետո՝ ավելի քան երկու տարի առաջ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խնդիրներ էր նկատել ԱՆԻՖ-ում, իսկ ՊՎԾ-ն իր հերթին պնդում էր, որ կասկածներ կան «գործընթացների օրինականության վերաբերյալ»։ Մինչ քննությունն ընթանում էր, կառավարությունը որոշեց փակել 5 տարի առաջ իր կողմից հիմնադրված ԱՆԻՖ-ը։

«Այո, այդտեղ կան ձախողումներ և այդ ձախողումների առիթով կան ուսումնասիրություններ, շարունակվում են ուսումնասիրությունները, և այդ ուսումնասիրությունների արդյունքում ես հույս ունեմ, որ մենք կստանանք պատասխաններ», - հայտարարել է վարչապետ Փաշինյանը:

«Ազատությունը» փորձեց պարզել՝ արդյոք որևէ գերատեսչությունում ուսումնասիրությու՞ն է իրականցվում, Էկոնոմիկայի նախարարությունից ասացին՝ նման գործառույթ չունեն, իսկ կառավարության աշխատակազմից նշեցին, թե վարչապետը հավանաբար քրեական գործը նկատի ուներ, որն, ըստ հոդվածների, պետք է պարզի՝ ԱՆԻՖ-ում եղե՞լ են չարաշահման դեպքեր, հափշտակվել է գույք, թե՝ ոչ։

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ քրգործի շրջանակում ուսումնասիրությունները բավարար չեն

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ քրգործի շրջանակում ուսումնասիրությունները բավարար չեն։

«Շատ խորությամբ ուսումնասիրել՝ ինչու այդպես եղավ ԱՆԻՖ-ի հետ, և այդ քրեական գործը ոչ թե քնեցնել, այլ հնարավորինս ինտենսիվ կերպով առաջ տանել՝ հասկանալու համար՝ ինչ է տեղի ունեցել: Ոչ միայն քրեական գործի միջոցով, այլև այլ գործիքների կիրառմամբ էլ, այդ թվում՝ հասկանալով ինչ կոռուպցիոն ռիսկեր եղան, որովհետև մենք ունեցանք շատ լուրջ ռեպուտացիոն հարված նույնպես» - ընդգծեց Վարուժան Հոկտանյանը:

Չբացառելով կոռուպցիոն խնդիրները՝ Հոկտանյանն ասում է՝ հնարավոր է ԱՆԻՖ-ի տապալման այլ պատճառներ ևս եղել են, սակայն ընկերության շուրջ զարգացումները այդպես էլ չլուսաբանվեցին, պատասխանատու նախարարները խուսափում էին ԱՆԻՖ-ից խոսել, մեկնաբանում էր միայն վարչապետը՝ ասուլիսից ասուլիս, բայց առանց մանրամասների։

Իսկ ընկերության լուծարման որոշումը կառավարությունը օգոստոսի 29-ին ընդունեց չզեկուցվողների շարքում, հիմնավորումում էլ ոչինչ չկա պատճառների մասին, միայն հղում են անում ընկերության վերջին հաշվետվության արձանագրությանը, որտեղ էլ մի քանի բառով գրված է՝ անհրաժեշտ է «ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ քայլեր ձեռնարկել»։

«Ցանկացած երկրում պարտադիր կան ձախողված պրոցեսներ, եթե մենք ուզում ենք՝ որևէ պրոցես չձախողվի, մենք պետք է մի բան անենք՝ որևէ պրոցես չնախաձեռնենք, իսկ դա իր հերթին նշանակում է ճահճացում: Այո, մենք պետք է աշխատենք, հասկանալով, որ այդ աշխատանքը ոչ միայն բերելու է արդյունքներ, այլև բերելու է հետևանքներ, և պետք է վերլուծենք ամեն առանձին դեպքը», - ասել է վարչապետը:

Հոկտանյանը համաձայն է, որ անհնար է բացառել ձախողման դեպքերը, սակայն չի տեսնում, թե ինչ հետևություններ են արվել. - «Այս ամենը պետք է ամենամանրակրկիտ կերպով վերլուծվի, որպեսզի հետագայում մինիմիզացնեն ռիսկերը»:

FLy Arna-ի մոտ 90 աշխատողներ մինչ օրս չեն ստացել վերջին 2 ամսվա աշխատավարձը

ԱՆԻՖ-ի նախագծերից խոշոր էին համարվում 2-ը՝ Аir Arabia-ի հետ համատեղ իրականացված Fly Arna ավիաընկերությունը և արաբական «Մասդար» ընկերության հետ արևային էլեկտրակայանների ԱՅԳ-1 նախագծի կառուցումը։ Եթե Fly Arna-ն իր հերթին արդեն փակվել է, ապա կառավարությունը վստահեցնում է, որ արևակայանների նախագիծը շարունակվում է։

«Ազատությունը» հունիսին էր այցելել կայանի կառուցման վայր՝ Դաշտադեմ, այնտեղ ոչ մի շարժ չկար։ Տեղեկացանք, որ շինարարությունը հիմա էլ չի մեկնարկել։

«Սա շատ լուրջ խնդիր է դառնում Հայաստանի համար: Վախենում եմ, որ այս ամբողջ պատմությունը հանգեցնի ներդրումային տեսակետից էլ ավելի ոչ գրավիչ լինելուն: Սրանից պետք է շատ զգուշանալ», - նշեց Վարուժան Հոկտանյանը:

ԱՆԻՖ-ի տարեկան բյուջեն հարկատուների գրպանից միայն այս տարի՝ 2024-ին կազմել է՝ 4.5 միլիոն դոլար, այս մասին տեղեկացել ենք Armeps.am համակարգից, դրանից 2 միլիոնը ԱՆԻՖ-ի աշխատվարձային ֆոնդն է։ Սրանից բացի հունիսի վերջին կառավարության որոշմամբ ԱՆԻՖ-ը որպես դրամաշնորհ ստացել է լրացուցիչ մոտ 4 միլիոն դոլար որի մեծ մասն ուղղվել է «վարկային պարտավորությունների, աշխատավարձերի, արձակման նպաստների ու այլ վճարումների»։ Այսքանով հանդերձ FLy Arna ընկերության մոտ 90 աշխատողներ մինչ օրս չեն ստացել վերջին 2 ամսվա աշխատավարձը։

Fly Arna-ի նախկին աշխատողները, որոնք նախընտրում են մնալ անանուն, ասում են՝ անգամ դատարան դիմելու համար բավարար փաստաթղթեր չունեն, քանի որ չեն հասցրել վերցնել Fly Arna-ից մինչև ընկերությունը կփակեր գրասենյակի դռները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG