«Լիազորություններս դադարեցնելու ցանկություն որոշ պաշտոնյաների մոտ կար վաղուց, և թե հիմքը որը կլիներ, երկրորդական է: Մի տարբերակով չստացվեց, այլ տարբերակով հաջողեցին», - «Ազատության» հարցերին գրավոր պատասխանել է Պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) արդեն նախկին ղեկավար Դավիթ Փափազյանը։
Հունվարի վերջին «Ազատություն»-ն անդրադարձել էր Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրություններին ԱՆԻՖ-ում։ Ըստ ՊՎԾ-ի՝ Պետական հետաքրքրությունների ֆոնդը պետությունից ստացած ֆինանսական միջոցները արդյունավետ չի օգտագործել, օրինակ, նշել էին, որ պարզել են՝ «կան ծառայություններ, որոնց համար ԱՆԻՖ-ի ներկայացուցչությունները կամ կենտրոնական ապարատն ունի կոնկրետ բարձր վարձատրվող հաստիքներ, բայց այդ ծառայությունների ձեռքբերման համար արտապատվիրակվել են այլ ընկերություններ»։
ՊՎԾ-ի ուսումնասիրություններին զուգահեռ աշխատանքից ազատվել էր ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը։ Վերջինիս ազատման պատճառների մասին «Ազատություն»-ը հետաքրքրվել էր Էկոնոմիկայի նախարարությունից, որտեղից հայտնել էին, որ «նա խախտել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի դրույթներից մեկը», խոսքը գործադիր մարմնի կողմից խորհրդի որոշումները չկատարելու մասին է։ «Ազատություն»-ը դիմել էր նաև Դավիթ Փափազյանին, որը հարցերին պատասխանել է գրավոր։
Ըստ Փափազյանի՝ իրեն վաղուց էին ցանկանում հեռացնել պաշտոնից։
«Այդ շարունակական ճնշումների փորձերը խանգարել են, բայց այդուհանդերձ, մենք աշխատել ենք հրաշալի պրոֆեսիոնալ թիմով։ Իրական պատճառը վստահաբար որոշ պաշտոնյաների կողմից անձամբ իմ հանդեպ հակակրանքն է, որը ճիշտ է՝ փոխադարձ է, սակայն երբեք մեզ չի կանգնեցրել շարժվել դեպի նպատակը», - ի պատասխան նշել է Փափազյանը։
«Ազատություն»-ը նաև հետաքրքրվել էր, թե ի՞նչ կարծիք ունի Փափազյանը ՊՎԾ-ի բացահայտումների մասին, որ ԱՆԻՖ-ում «աշխատավարձերը չհիմնավորված բարձր են եղել, գործուղման ծախսերը (ավիատոմսերի կարգ, հյուրանոցների համարներ)՝ առնվազն ոչ համեստ»։ Ըստ Փափազյանի՝ ՊՎԾ-ի գնահատականը «դատարկաբանությամբ լի ակտ» է, ինչի նման մեկ այլ փաստաթուղթ ավելի վաղ կազմել էր Ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության բաժինը, ինչը ԱՆԻՖ-ը վիճարկել է դատական կարգով։
Այժմ Փափազյանն ասում է՝ «ափսոսում է, որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս դատական կարգով վիճարկել նաև ՊՎԾ անհեթեթ ակտը»։
ԱՆԻՖ-ի նախկին ղեկավարի կարծիքով՝ ՊՎԾ-ն խոսում է բարձր աշխատավարձերի ու թանկարժեք խորհրդատվական ծառայությունների մասին և, «համադրություն չկա ստեղծված արդյունքների հետ»։
Որպես իրական արդյունք Փափազյանը նշում է, որ ԱՆԻՖ-ի համաֆինանսավորած ծրագրերով ստեղծվել են հարյուրավոր աշխատատեղեր, ներգրավվել է մոտ 210 միլիոն դոլար օտարերկրյա ներդրում, սակայն ՊՎԾ ղեկավարը «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ 2019-2023 թվականներին ԱՆԻՖ-ի տնօրինած «միջոցները կազմել են շուրջ 5 միլիարդ դրամ, որի փոքր մասը դրամաշնորհներ են, մեծ մասը՝ հարկատուների գրպանից»։