Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը երեկ Վաշինգտոնում ընդունել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովին։
Ըստ Պենտագոնի՝ Օսինը հայտարարել է Ուկրաինային 2,3 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։
Թե կոնկրետ ինչ է նախատեսված օգնության նոր փաթեթով, չի հստակեցվում։
Պենտագոնի ղեկավարըն ընդգծել է Միացյալ Նահանգների վճռականությունն՝ աջակցելու Ուկրաինային։
«Չսխալվեք, Ուկրաինան միայնակ չէ։ Միացյալ Նահանգները երբեք չի վարանի, և շուրջ 50 դաշնակիցների և գործընկերների կողքին կշարունակի տրամադրել այն կարևոր հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային՝ այսօր հետ մղելու ռուսական ագրեսիան, վաղը զսպելու ռուսական ագրեսիան», - ասել է Օսթինը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն երեկ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է, որ մոտ ապագայում լավ նորություններ կլինեն Ուկրաինայի օդային պաշտպանության վերաբերյալ։
ԱՄՆ-ը անանուն պաշտոնյան էլ Reuters-ին ասել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հակաօդային պաշտպանության մասին «լավ լուրեր» կստանա։
«Դուք լսել եք, որ ուկրաինացիները ցանկանում են ավելի շատ Patriot կամ նմանատիպ համակարգեր: Եվ ես կարծում եմ, որ մենք լավ նորություններ կունենանք նրանց համար», - փոխանցել է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյային։
Վաշինգտոնում Օսթին-Ումերով բանակցությունների օրակարգում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցության ամրապնդումն է։
Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը նախքան հանդիպումը, ճեպազրույցի ժամանակ, հայտարարել էր, որ կողմերը կքննարկեն պաշտպանական համագործակցությունը, տարածաշրջանային անվտանգության հարցեր և ԱՄՆ-ի ու Ուկրաինայի միջև պաշտպանական գործընկերության ամրապնդման ուղիները։