Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանի՝ մայրաքաղաք Վաշինգտոնի դատարանում այսօր տեղի կունենա «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գործով նիստը։ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM), ինչպես նաև գործակալության պաշտոնյաներ Քերի Լեյքի և Վիկտոր Մորալեսի դեմ դատական հայցում լրատվամիջոցը պահանջել է կանխել Կոնգրեսի կողմից «Ազատության»-ը տրամադրված դրամաշնորհը դադարեցնելու նրանց փորձերը։
Ռադիոկայանը հիմնավորման մեջ նշել է, որ դրամաշնորհի դադարեցումով դաշնային օրենք է խախտվել, այդ թվում՝ ԱՄՆ Սահմանադրությունը, որը Կոնգրեսին բացառիկ լիազորություն է տալիս դաշնային ծախսերի նկատմամբ:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը 1953-ին հիմնադրված անկախ մեդիա կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից՝ USAGM-ի միջոցով:
Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը յոթ դաշնային գործակալությունները կրճատելու հրամանագիր ստորագրեց։ Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև ԱՄՆ Գլոբալ մեդիա գործակալությունն է։ Հրամանի հրապարակումից ժամեր անց լրատվամիջոցները տարածեցին USAGM-ի նամակը, համաձայն որի՝ Կոնգրեսի հաստատմամբ հատկացվող դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, դադարեցվել է: Նամակը ստորագրել է Քերի Լեյքը, ով իր պաշտոնը նշում է որպես գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական՝ օժտված տնօրենի պաշտոնակատարի կողմից պատվիրակված լիազորություններով:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը հայտարարել է, որ դրամաշնորհի համաձայնության չեղարկումը «հսկայական նվեր կլիներ Ամերիկայի թշնամիների համար»: