Չնայած կառավարությունն ավելի քան կրկնակի ավելացրեց Ալավերդիի քանդման ենթակա շենքի բնակիչների փոխհատուցումը, մեկ է՝ մի մասը չի համաձայնում լքել իրենց տները: Գարնանային ջրհեղեղից հետո Ալավերդիի Սանահին կայարան թաղամասի 100 տարեկան շենքերից մեկը ստուգել ու եզրակացրել էին, որ 4-րդ աստիճանի վթարային է, ու որ պետք է քանդել: Կառավարությունը որոշեց բնակարանների գնման վկայագրերի միջոցով փոխհատուցել 16 ընտանիքներին: 16 սեփականատերերից 6-ը, մինչդեռ, հրաժարվում են պետության հետ պայմանագիր կնքել ու բնակարանի մեկ քառակուսու դիմաց 148 հազար դրամ ստանալ:
«Այս գումարով ներկայիս գներով մենք չենք կարող ոչ մեր բնակարանի կեսի չափ բնակարան գնենք, ոչ վերանորոգենք նորմալ, կահավորման մասին էլ խոսք չկա», - ասաց բնակիչներից մեկը։
Եթե անգամ այդ գնով հնարավոր լինի նոր բնակարան ձեռք բերել Սանահին կայարանում, ապա վերանորոգման ծախսերին չի բավականացնի, համոզված է շենքի բնակիչներից Սեյրան Հովհաննիսյանը, որ առաջին հարկի ամենատուժած տներից մեկի սեփականատերն է: Բնակարանը երկու տարի առաջ է հիմնովին վերանորոգել, որի համար 17 հազար դոլար է ծախսել, ասում է նա: Հիմա եկել, հավասարաչափ փոխհատուցում են թե՛ վերանորոգված ու թե՛ անխնամ բնակարանների տերերին, նշեց նա։
Երկրորդ հարկի բնակիչներից Հայկ Թամազյանը, որ նույնպես փոխհատուցումն իր ունեցածին համարժեք չի համարում, ասաց՝ պետք էր գնահատել կորուստն ու փոխհատուցումն ըստ կորցրածի տալ:
Կառավարությունը դեռ ամռանը կադաստրային միջին արժեքով էր հաշվարկել ու փոխհատուցման գին որոշել՝ 63 հազար 400 դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց: Գործադիրի այսօրվա նիստում տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն ասաց՝ տեղում գործընկերների հետ քննարկել ու եզրահանգել են, որ այս պահի շուկայական գների պայմաններում այդ գնով իսկապես հնարավոր չէ Ալավերդիում բնակարան գնել ու շուկայական գներով կատարել հաշվարկը:
Դեռ ամիսներ առաջ բնակիչներն «Ազատությանն» ասել էին՝ հաշվարկել են՝ իրենց բարեկարգ բնակարաններին համարժեք տուն կարող են ձեռք բերել միայն մեկ քառակուսին 180 հազար դրամ գնահատելու դեպքում: Այսօր կառավարությունը չի համաձայնում տալ այդ գինը: Վարչապետի ուղիղ հարցին Լոռու մարզպետը պատասխանեց՝ սահմանված գինը բավարար է Ալավերդիում տուն գնելու համար:
Ջրհեղեղից հետո քանդման ենթակա է համարվել 16 բնակարան ունեցող շենքն ու ևս 9 առանձնատուն, որի համար կառավարությունը նախատեսել է 150 միլիոն դրամ: Շահառու սեփականատերերը կարող են փոխհատուցման համար դիմել մինչև հաջորդ տարվա մարտի մեկը: Չդիմելու դեպքում նրանք կզրկվեն փոխհատուցումից: Կառավարության նիստում խոսք գնաց՝ կա՞ն երաշխիքներ, որ փոխհատուցումից հետո վթարային համարված շենքը քանդվելու է: Մարզպետ Արամ Ղազարյանն ասաց՝ բնակիչներին զգուշացրել են՝ մինչև շենքից դուրս չգան, փոխհատուցում չեն ստանա:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.