Մատչելիության հղումներ

«Ճնշել, «սպանել»․ Ալիևը Փարիզին մեղադրել է գաղութատիրական քաղաքականություն վարելու մեջ


«Խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումը կվերսկսվի դեկտեմբերին»

«Ադրբեջանը հրավերն ուղարկել է, իսկ մասնակցել-չմասնակցելը Երևանի ընտրությունն է», - հայտարարում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Հայկական կողմը դեռ վերջնական որոշում չունի մասնակցե՞լ երկու օր առաջ Բաքվում մեկնարկած COP 29 կլիմայական համաժողովին, թե՝ ոչ, այն կապում են մի շարք հարցերի, այդ թվում՝ գերիների վերադարձի ու խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հետ։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է՝ խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումը կվերսկսվի դեկտեմբերին: Հաջիևն ընդգծել է, թե այս պահին իրենց օրակարգի հիմնական թեման COP-29-ն է։

Թբիլիսին «պատրաստ է ավելի ակտիվ դերակատարում ունենալ հայ-ադրբեջանական բանակցություններում»

Հայ-ադրբեջանական բանակցությունների մասին Բաքվում այսօր խոսել են. լրագրողների հետ զրույցում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե պատրաստ են ավելի ակտիվ դեր ստանձնել այդ գործընթացում․ - «Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ավելի ակտիվ դերակատարում ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, բայց դա կախված է գործընկերների հետ խորհրդակցություններից»:

Ալիևը Փարիզին մեղադրել է գաղութատիրական քաղաքականությունը շարունակելու համար

COP 29-ի պաշտոնական մասում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր էլ Արևմուտքի հասցեին է մեղադրանքներ հնչեցրել՝ ելույթ ունենալով փոքր կղզի-պետությունների համաժողովում Ալիևը Փարիզին մեղադրել է գաղութատիրական քաղաքականությունը շարունակելու, գաղութների բնակչությանը ճնշելու, սպանելու համար։

Ալիևը, մասնավորապես, պնդել է՝ թե այս տարի Նոր Կալեդոնիայի ցույցերի ընթացքում Ֆրանսիայի իշխանություններն են մարդկանց սպանել, ավելի քան հարյուր մարդու վիրավորել։

«Այսքանից հետո Ֆրանսիան չմեղադրվեց ո՛չ Եվրահանձնաժողովի, ո՛չ Եվրախորհրդարանի, ո՛չ Եվրախորհրդի կողմից։ Սա քաղաքական կեղծավորություն է։ Եվրախորհրդարանը և ԵԽԽՎ-ն քաղաքական կոռուպցիայի խորհրդանիշներ են», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ծափահարություններով ուղեկցված այս ելույթում Ալիևը նաև կոչ է անում ազատ արձակել Ֆրանսիայի քաղբանտարկյալներին։ Շուրջ 10 րոպե տևած ուղերձում, սակայն, հենց Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, քաղբանտարկյալների ու հետապնդումների մասին որևէ բառ չհնչեց։

Ֆրանսիան ու Եվրամիության կառույցները առայժմ չեն արձագանքել Ալիևի վերջին հայտարարություններին։

Նոր Կալեդոնիայում անկարգություններ հրահրելու համար ավելի վաղ Փարիզը Ադրբեջանին է մեղադրել։

Ոչ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ոչ էլ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքու չեն մեկնել, համաժողովը բաց են թողնում նաև Գերմանիայի կանցլերը, ԱՄՆ նախագահը, Կանադայի վարչապետը և մի շարք այլ երկրների առաջնորդներ։

COP 29-ում Ռուսաստանի պատվիրակությունը վարչապետ Միխայիլ Միշուստինն է գլխավորում, նա այսօր ժամանեց Բաքու, ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը պաշտոնյաները երկկողմ առևտրա-տնտեսական, տրանսպորտային կապերից են խոսել՝ քննարկել «փոխշահավետ համագործակցությունն» ընդլայնելու հեռանկարները։

Համաժողովի մասնակիցներին ուղերձով դիմել է նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ հույս հայտնելով, թե Բաքվում համընդհանուր զարգացումը խթանող հավակնոտ համաձայնագիր կստորագրվի։

XS
SM
MD
LG