Նախագահներ Թրամփի և Զելենսկու երեկվա հեռախոսազրույցից մեկ օր անց Եվրոպական միության առաջնորդներն այսօր հանդիպում են Բրյուսելում՝ քննարկելու իրենց պաշտպանական ռազմավարությունն ու Ուկրաինային հավելյալ ռազմամթերք տրամադրելու հարցը, որպեսզի այն դիմակայի Ռուսաստանի սանձազերծած և արդեն ավելի քան երեք տարի ընթացող պատերազմին:
Միաժամանակ Լոնդոնում անցկացվում է Ուկրաինային աջակցող երկրների պաշտպանության նախարարների դռնփակ հանդիպումը: Սա Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նախաձեռնությունն է, որը նպատակ ունի խաղաղապահներ տեղակայել Ուկրաինայում խաղաղության համաձայնագիր կնքելուց հետո:
Բրյուսելյան հանդիպումից առաջ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարեց՝ եթե Ուկրաինան ուժեղ լինի, ապա կկարողանա ուժի դիրքերից բանակցել: Նա ԵՄ առաջնորդներին կոչ արեց 5 միլիարդ եվրո հատկացնել, որը հարկավոր է Ուկրաինային 2 միլիոն հրետանու արկ ձեռք բերելու համար, որի կարիքը Կիևն ունի այս պահին:
«Մենք պետք է առնվազն սկսենք իսկապես կոնկրետ քայլեր անել՝ ոչ միայն խոսքով, այլև գործով, որ օգնենք Ուկրաինային հենց հիմա: Որովհետև որքան ուժեղ են նրանք մարտի դաշտում, այնքան ավելի ուժեղ կլինեն բանակցությունների սեղանին», - նշել է Կալլասը:
Զելենսկին իր ելույթում կոչ է արել հաստատել 5 մլրդ եվրոյի աջակցությունը
Հանդիպմանը Օսլոյից տեսակապով մասնակցել է նաև նախագահ Զելենսկին, որն իր ելույթում կոչ է արել հաստատել 5 մլրդ եվրոյի աջակցությունը: Շարունակվող դիվանագիտական ջանքերը չեն նշանակում, որ Ռուսաստանի վրա պետք է քիչ ճնշում գործադրվի, ասել է Զելենսկին և կոչ արել շարունակել պատժամիջոցների կիրառումը: Դա, ըստ նրա, Պուտինին կստիպի դադարեցնել անհարկի պահանջներ ներկայացնելը, որոնք միայն երկարացնում են պատերազմը և կսկսի անել այն, ինչ խոստանում է աշխարհին։ Նա նշել է, որ ռուսական կողմի շարունակվող հարձակումները ցույց են տալիս Ռուսաստանի իրական նպատակները:
«Չնայած Պուտինի խոսքերին, թե իբր պատրաստ է դադարեցնել հարձակումները, ոչինչ չի փոխվել... Պատժամիջոցները շատ ու շատ անհրաժեշտ են: Դրանք պետք է ուժի մեջ մնան այնքան, քանի դեռ Ռուսաստանը դուրս չի եկել մեր հողից և ամբողջությամբ չի փոխհատուցել իր ագրեսիայի պատճառած վնասը», - ընդգծել է Զելենսկին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն իր հերթին հայտարարել է՝ կարևոր է, որ Բրիտանիան և Ուկրաինայի մյուս աջակիցները կարողանան անմիջապես քայլեր ձեռնարկել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու հարցում, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագիր կնքվի:
«Մենք աշխատում ենք տեմպով, քանի որ չգիտենք, թե արդյոք գործարք կլինի: Ես, իհարկե, հույս ունեմ, որ կլինի, բայց եթե գործարք լինի, իսկապես կարևոր է, որ մենք կարողանանք անմիջապես արձագանքել», - ասել է Սթարմերը:
Մոսկվայից արձագանքել են բրյուսելյան հանդիպմանը
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե ամեն օր բազմաթիվ ազդանշաններ են ստանում Բրյուսելից, որոնք վկայում են, որ Եվրոպան ռազմականացվում է:
«Դա ակնհայտորեն հակասում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների տրամադրվածությանը՝ ուղիներ փնտրել կարգավորման խաղաղ գործընթաց փուլ մտնելու համար: Այնպես որ, Եվրոպան մինչ այժմ, գնացել է ռազմականացման ճանապարհով և ավելի շուտ վերածվել է պատերազմի կուսակցության», - ընդգծել է նա։
Պեսկովը նաև հաստատել է, որ ռուս-ամերիկյան հաջորդ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի՝ Սաուդյան Արաբիայում:
Երեկ Թրամփի հետ զրույցում Զելենսկին ընդունել է անվերապահ հրադադարի և էներգետիկ ենթակառուցվածքներին չհարվածելու առաջարկը: Նաև քննարկել են այս նպատակներին հասնելուն ուղղված քայլերն ու ամերիկյան առաջնորդության ներքո տևական խաղաղության հասնելու ուղիները, ինչպես նաև Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների հարցը։ Թրամփն ասել է, որ ամերիկյան սեփականություն դառնալու դեպքում դա կլինի դրանց լավագույն պաշտպանությունը: Պարզ չէ՝ սակայն, Զելենսկին այս հարցում համաձայնություն տվե՞լ է:
Այս ընթացքում ռազմաճակատում իրադրությունը շարունակում է լարված մնալ: Ուկրաինան անօդաչուներով հարվածել է Էնգելսի ռազմական օդանավակայանին: Ռուսական կողմն էլ հարվածել է ուկրաինական Կիրովոգրադին, որտեղ ութ մարդ է տուժել, Դոնեցկում մեկ մարդ է սպանվել, հարձակման է ենթարկվել նաև Կրոպիվնիցկի քաղաքը, որն ըստ, տեղական իշխանությունների, անօդաչուներով ամենազանգվածային հարձակում է քաղաքի վրա պատերազմի սկսվելուց ի վեր: