Վանաձորում արդեն կես տարի հողամասերի ու շինթույլտվությունների տրամադրումն արգելված է: Սա քաղաքաշինության մասին օրենքի պահանջն է, ըստ որի, համայնքները, որոնց աշխարհագրական սահմանները փոխվել են խոշորացումից հետո, պետք է ունենային նոր գլխավոր հատակագիծ:
Դրա համար դեռ անցած տարի կառավարությունը մոտ 42 միլիոն դրամ էր ծախսել երեք տարի առաջ խոշորացած Վանաձորի նոր հատակագիծը կազմելու համար:
Նոր հատակագծեր ունեն նաև մարզի մյուս համայնքները, որոնց դեպքում ավագանին արդեն հաստատել է և շինթույլտվությունների ու հողամասերի տրամադրման իրավունք ձեռքբերել:
Վանաձորի դեպքում համայնքն արդեն կես տարի այդ իրավունքը չունի, քանի որ համայնքապետարանը դեռևս անհայտ պատճառներով այդպես էլ ավագանու նիստ չգումարեց ու համայնքի համար կենսական հարցերը օրակարգ չբերեց:
Տեղական ինքնակառավարման գծով փորձագետ Գևորգ Քոթանջյանը պնդում է՝ հուլիսի 1-ից հետո համայնքապետն օրենքի խախտմամբ է տալիս շինթույլտվություններ:
Մինչդեռ տարածքային կառավարման նախարարն այստեղ խնդիր չի տեսնում, պնդում է՝ Վանաձորի՝ դեռևս 2014-ին հաստատված հատակագիծն առայժմ ուժի մեջ է ու դրա իրավունքը համայնքն ունի:
«Չկա գլխավոր հատակագիծ, չի նշանակում, որ կառուցապատումն արգելվում է», - ասաց Դավիթ Խուդաթյանը։
ՏԻՄ փորձագետ Գևորգ Քոթանջյանը հակադարձում է՝ խոշորացմամբ Վանաձորին միացել են նաև երեք գյուղական բնակավայրեր, որոնք նախկինում չեն էլ ունեցել գլխավոր հատակագիծ, ուստի այս բնակավայրերում անգամ նախկին հատակագծեր գոյություն չունեն: Այդ ինչպես եղավ, որ նախարարն այստեղ որևէ խախտում չի տեսնում, տարակուսում է Քոթանջյանը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը համակարծիք է նախարարի հետ: Նա պնդում է՝ օրենքի խախտում չկա. չնայած քաղաքաշինության մասին օրենքն արգելում է հուլիսի 1-ից հետո շինթույլտվություններ ու հողամասեր տրամադրել, բայց ՏԻՄ օրենքն է համայնքի ղեկավարին թույլատրում դա անել հին հատակագծով, որի ժամկետն, ըստ նրա, դեռ չի լրացել:
Ինչ վերաբերում է Վանաձոր քաղաքին միացած գյուղական բնակավայրերին, ապա հուլիսի 1-ից հետո, արդեն կես տարի այստեղ կառուցապատման թույլտվություններ չեն եղել:
Այսինքն, ընդհանուր մոտ 8000 բնակիչ ունեցող Գուգարք, Դարպաս ու Շահումյան գյուղերում այլևս որևէ կառուցապատման, անգամ փողոցների նորոգման հնարավորություն չի լինի, քանի դեռ արդեն 8 ամիս չգործող ավագանին նիստ չի գումարել ու որոշումներ չի ընդունել:
Այս պահին իրականացվող հատուկենտ շինարարությունների թույլտվությունները, ըստ գնումների «Արմեպս» համակարգի, դեռ նախկինում՝ մինչև հուլիսի 1-ն են տրվել: Նմանատիպ խախտումների համար Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը երկուսուկես տարի բանտում էր, քրեական գործը դատարանը դեռ քննում է, նա ու համայնքապետարանի ճարտարապետության բաժնի պետն ամբաստանյալ են:
Մանրամասները՝ ստորև