Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կալանավորված պետի գործը հասել է դատարան: Համայնքի քաղաքաշինական թույլտվությունների տակ ստորագրող պաշտոնյան՝ Սուրեն Աբովյանը, մեղադրվում է 30 հազար դոլարի կաշառք ստանալու մեջ:
Ըստ քրեական վարույթի, մեղադրյալ են նաև ճարտարապետին առերևույթ կաշառք տված երեք գործարարներ, ինչպես նաև կաշառքի գործին միջնորդած «Մարգարյան Բիլդինգ Գրուպ» շինարարական կազմակերպության սեփականատերը:
Աբովյանն արդեն երեք ամիս կալանքի տակ է, մյուս մեղադրյալները բացակայելու արգելքով ազատ են արձակվել:
Կալանավորված բաժնի պետի փաստաբանն այսօր հրաժարվեց հարցազրույցից, միայն նշեց, որ իր պաշտպանյալը մեղքը չի ընդունում: Չնայած դատական գործում իրեղեն ապացույց ճանաչված երեք կնիքված փաթեթ կա, որոնք առգրավել են պաշտոնյայի աշխատասենյակը խուզարկելիս: Ենթադրաբար՝ դա հենց կաշառքի գումարն է, որը, ըստ քրեական վարույթի, փոխանցել են Սուրեն Աբովյանին:
Դատական գործի հակիրճ նկարագրության մեջ նշված է, որ վանաձորցի Ռուբեն Հովհաննիսյանը մեկ միլիոն դրամի, Բագրատ Դարբինյանը՝ 3 միլիոն դրամի, իսկ Բազում գյուղի բնակիչ Կամո Գևորգյանը՝ 20 հազար դոլարի կաշառք են տվել համայնքապետարանի պաշտոնյային:
Ռուբեն Հովհաննիսյանը խանութի սեփականատեր է, Բագրատ Դարբինյանը՝ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերը, իսկ ամենամեծ՝ 20 հազար դոլարի կաշառքի համար մեղադրվող Կամո Գևորգյանը Բազում գյուղում շինարարական կազմակերպություն ունի:
Վերջինս «Ազատությանն» ասաց՝ համայնքապետարանի ճարտարապետության բաժի պետին դիմել է իրենց գյուղում հողատարածք սեփականաշնորհելու, դրա վրա ատամնաբուժարան կառուցելու թույլտվության ու շինարարական նախագծի դիմաց: Դրա համար պաշտոնյան Կամո Գևորգյանից, ըստ վերջինիս, 20 հազար դոլար է պահանջել:
«Հաշվարկն արեց, ինձ ասեց՝ մի չնչին բան ա մնում, ոնց որ մի հաց ուտելու փող՝ իր ասած բառերը, ոնց որ «տղեքով, չարչարվողներով գնանք մի կտոր հաց ուտենք»: Ես նույն ձևի բացատրություն եմ տվել էնտեղ, ինքն էլ չի հրաժարվել: Ես ատամնաբուժարան էի ուզում սարքեմ տղուս համար՝ բժիշկ ա տղես, երկրորդ հարկն էլ ասի գեղեցկության սրահ սարքեմ, էդ մուսըռի, կեղտի մեջին մի հատ գեղեցիկ ասի շենք սարքեմ: Էն էլ էդ տղեն բռնվեց, էս ամբողջը տենց խառնվեց», - պատմեց Կամո Գևորգյանը:
Նա վստահ է, որ Սուրեն Աբովյանին վճարված գումարի հիմնական մասը սեփականաշնորհման ու կառուցապատման իրավունքի պետական վճարներն են: Թե ինչպես է պատահել, որ պաշտոնյան պատրաստ է եղել համայնքային հողատարածքն առանց աճուրդի բազումցի գործարարի սեփականությունը դարձել, Գևորգյանը դրա պատասխանը չունի, բայց ասում է՝ Աբովյանից անհերքելի հավաստիացում է ստացել, որ այդ հողակտորն ու կառուցապատման իրավունքը բազումցի գործարարն ամիսների ընթացքում կստանա:
«Ես դաժե գումարը անմիջապես իրան եմ տվել, գումարը տալուց առաջ ես իրան հարցրի, ասի՝ կենտրոն տեղ ա ճանապարհի վրա, նենց չլի, որ գործի ժամանակ գան գլխիս կայնեն, ես քաշքշուկի մեջ ընկնեմ, պրոբլեմների մեջ ընկնեմ, ապօրինի ասի բան-ման չլնի: Թե՝ «չէ, ախպեր, ապօրինի չի էլ կարա ըլի, չերեզ Երևան սաղ ակուրատնի արվում ա, ապօրինի հնարավոր էլ չի անել»՝ իրա ասած բառերը: Փողը տվել եմ, թողել էկել, ասել եմ՝ «սպասում եմ քո խաբարին», - մանրամասները փոխանցեց Գևորգյանը:
Ավելի վաղ մյուս մեղադրյալը՝ «Գլորիա» ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանն «Ազատությանն» ասել էր՝ Վանաձորում գլխացավանք է գործ ունենալ համայնքապետարանի հետ, ու հաճախ ստիպված են «մաղարիչ» անել պաշտոնյաներին, որ գործն առաջ գնա:
Գործարարը պատմել էր, որ «Գլորիա» ֆաբրիկային կից՝ իր սեփական հողատարածքում, ֆաբրիկայի համար պահեստ է կառուցել, փաստաթղթավորումը պատվիրակել գործին տեղյակ շինարարական կազմակերպությանը, որ իր փոխարեն վերահսկեն գործընթացն ու պետական դռներ ծեծեն։ Ընկերությունն էլ իր վճարած գումարի մի մասը՝ 3 միլիոն դրամը, տվել է համապատասխան բաժնի պետ Սուրեն Աբովյանին՝ որպես «մաղարիչ»:
«Դե հիմա բոլորը երևի չգիտեն, ես գիտեմ, որ շատ դժվար ա քաղաքապետարանում էդ ճարտարապետական բաժնում էդ թղթաբանությունը՝ հերթեր, ժամանակի կորուստ, ներվերի կորուստ: Ինչի՞ ես տալի՝ որովհետև արդեն զզվում ես՝ էնքան ձգձգում են, ստիպված ասում ես՝ ախպեր, է, տանեմ սրան-նրան մի հատ խնդրեմ, կամ ռեստորանում պատիվ տամ՝ առաջ գնա: Էն ներքին օղակը, ընդ որում՝ համատարած չի դա», - ասել էր Դարբինյանը:
«Մաղարիչից» հետո ավելի քան 2400 աշխատատեղ ու Եվրոպայից բազմաթիվ պատվիրատուներ ունեցող գործարարը փաստի առաջ է կանգնել։ Մի կողմից ընդունում էր՝ օրենք է խախտել, մյուս կողմից համոզված էր՝ չխախտեր՝ շինարարությունն ու դրա ավարտական ակտն ստանալը նյարդեր ու քաշքշուկներ էր արժենալու։
Թե ինչ պատիժ կսահմանի դատարանը առերևույթ կաշառք տվողներին ու ստացողին, հայտնի չէ: Երկու օրից դատական նիստ է նշանակված:
Գործի միակ կալանավորվածը՝ համայնքապետարանի բաժնի պետ Սուրեն Աբովյանն արդեն երեք տարի մեղադրյալ է նաև մեկ այլ կոռուպցիոն գործով, ըստ որի՝ նա նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին աջակցել է անօրինական որոշումներ կայացնել:
Սուրեն Աբովյանը Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության ու քաղաքաշինության բաժինը ղեկավարում է 2016 թվականից: «Ազատություն»-ը պարզել էր, որ համայնքապետարանը Վանաձորում իրականացվող գրեթե բոլոր շինարարական ծրագրերի նախագծերը Սուրեն Աբովյանի հիմնադրած ու այժմ նրա ընտանիքի հետ փոխկապակցված ընկերությանն է պատվիրել: