Սիրիական նոր կառավարության ժամանակավոր վարչապետը խոստանում է պաշտպանել փոքրամասնությունների իրավունքները, ապահովել երկրի անվտանգությունը։
Իդլիբի շրջվարչակազմից Սիրիայի կենտրոնական կառավարություն տեղափոխված Մուհամեդ ալ-Բաշիրը հավաստիացրել է, թե իր թիմի առաջնահերթությունն է այս պահին ապահովել, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ աշխատանքի։ Իսլամիստ զինյալների ներկայացուցիչը միաժամանակ նախազգուշացնում է՝ պատասխանատվության կենթարկվեն բոլոր «նրանք, որոնց ձեռքերն արյունոտ են»:
«Ալ Ջազիրա»-ն, որը մեջբերում է ալ -Բաշիրի խոսքերը, նշում է, որ նա նկատի ունի Բաշար ալ-Ասադ ընտանիքին հավատարիմ սիրիացի զինյալներին: Ըստ Սիրիայի կառավարության նորանշանակ վարչապետի՝ այդ անձինք կուղարկվեն դատարաններ։
Այս հայտարարությունների ֆոնին տասնամյակներով երկրում իշխող մեծամասնություն ունեցած Ասադի «Բաաս» կուսակցությունը հայտարարում է գործունեությունը դադարեցնելու և ակտիվները նոր իշխանություններին հանձնելու պատրաստակամության մասին։
Մտավախությունները սիրիական նոր իշխանության գործելաոճի հետ կապված պահպանվում են
Մինչ երկրում տոնում են Ասադի կլանի կեսդարյա իշխանության ավարտը, որը տեղի ունեցավ իսլամիստ զինյալների կայծակնային առաջխաղացման ֆոնին, այդ հարձակումն առաջնորդած և Սիրիայում իշխանության եկած «Հայաթ Թահրիր աշ Շամը» շարունակում է գլխավորել արևմտյան երկրների կազմած ահաբեկչական կառույցների ցանկը։
Չնայած խմբավորման առաջնորդի կտրուկ կերպարանափոխությանը, ծայրահեղական գաղափարներից հեռանալու մասին նրա հայտարարություններին, այդուհանդերձ, մտավախությունները սիրիական նոր իշխանության գործելաոճի հետ կապված պահպանվում են։ Մինչ ալ-Ջուլանին այս օրերին հանդուրժողականության ու միասնականության կոչեր էր հնչեցնում տեսախցիկների առաջ, երեկ տասնյակ զինված անձինք Լաթաքիայում այրում էին Բաշար Ասադի հոր՝ Հաֆեզ ալ-Ասադի և նրա վաղամեռիկ որդու դամբարանները:
Ըստ տարածվող տեսանյութերի՝ մի խումբ մարդիկ հողից հանում են նախկին նախագահի դագաղը և նետում կրակի մեջ։ Սիրիական նոր կառավարությունը չի մեկնաբանել այս աղմկահարույց իրադարձությունը, փոխարենը խոստանում է Ասադի ռեժիմի սարսափները վերացնել՝ նախևառաջ փակելով երկրի տխրահռչակ բանտերը, որտեղ հազարավոր մարդիկ են ենթարկվել խոշտանգումների և մահապատժի։
Հանգստյան օրերին Ասադի փախուստից հետո ակտիվիստներն արդեն ներխուժել ու ջարդել են Սիրիայի ամենադաժան ու հայտնի բանտի՝ Դամասկոսի հյուսիսում գտնվող Սայդնայայի դարպասները, որտեղ տասնամյակներով տասնյակ հազարավոր բանտարկյալներ են պահվել կամ դաժանաբար սպանվել։
Այս հաստատությունն իր դաժանության պատճառով «մարդկանց սպանդանոց» անվանումն էր ստացել։
Ալ-Ջուլանին խոստանում է միավորել երկիրը. ինչպե՞ս
«Մենք առանց մի պահ տատանվելու պատասխանատվության կենթարկենք հանցագործներին, հատուկ ծառայությունների աշխատակիցներին ու բանակային սպաներին, որոնք առնչություն ունեն սիրիացի ժողովրդի դեմ կիրառված կտտանքներին։ Մենք հետապնդելու ենք ռազմական հանցագործներին և պահանջելու ենք նրանց արտահանձնումն այն երկրներից, որտեղ նրանք ապաստանել են», - Սիրիայի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Ալ-Ջուլանին՝ խոստանալով միավորել երկիրը։
Առայժմ, սակայն, հստակ չէ՝ կարո՞ղ է արդյոք և ինչպե՞ս․․․ Ամենաբարենպաստ տարբերակը թերևս Սիրիայի միավորումն է․ սա ենթադրում է, որ Արևմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված ալ Ջուլանիի գլխավորած խմբավորումը թույլ է տալիս մյուս քաղաքական ուժերին իր հետ միասին կիսել երկրի կառավարման պատասխանատվությունը, Սիրիան ազգային հաշտեցման ուղու վրա է կանգնում, և ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների՝ խուսափում վրեժխնդրության, սպանությունների, անկարգությունների և պատերազմի նոր ալիքից։
Մտավախություններ են հնչում, որ «Հայաթ Թահրիր աշ Շամի» ռեժիմը կվերածվի Ասադի ռեժիմի՝ իշխանության ղեկն իր ձեռքում պահելով ավտորիտար գործիքների կիրառմամբ։
Այս խմբավորումն արդեն իշխում է չորս միլիոն բնակչություն ունեցող Իդլիբում։ Այստեղ կառավարումն իրականացնում է թե՛ աշխարհիկ, թե՛ կրոնական խորհուրդը, որն առաջնորդվում է շարիաթի օրենքներով։
Իդլիբում Ալ-Ջուլանին փորձել է ցույց տալ, որ իր խմբավորումը կարող է արդյունավետ կառավարություն լինել՝ ապահովելով հանրային ծառայությունների կայունությունն ու գործունեությունը՝ լուսանցք մղելով մրցակիցներին, ճնշելով այլախոհությունը:
Երրորդ՝ վատթարագույն տարբերակը նոր արյունալի քաոսն է, ինչը տեղի է ունեցել մի շարք երկրներում՝ «արաբական գարունից» հետո։ Լիբիայի, Իրաքի առաջնորդների տապալումից հետո այդ երկրները չունեին նրանց փոխարինող առաջնորդները, իշխանության վաակումն արտահայտվեց գողությունների, անկարգությունների, անպատժելիության և քաղաքացիական պատերազմի տեսքով։
Բաշար ալ - Ասադը դեռ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել
Փախուստից 5 օր է անցել՝ իշխանությունը հորից ժառանգած և Սիրիան տասնամյակներով առաջնորդած Բաշար ալ - Ասադը որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, Ռուսաստան փախչելուց առաջ էլ ուղերձով չի դիմել իր ժողովրդին, որի ավելի քան 90 տոկոսը, ինչպես պնդում էր, 2000 թվականից իր օգտին է քվեարկել։
Մինչ օրս հայտնի չէ Սիրիայի երկարամյա առաջնորդի հեռանալու որոշման մանրամասները։
Նրա պաշտոնավարման վերջին օրերի մասին որոշակի պատկերացում է ստեղծվում նախագահական աշխատասենյակում տիրող իրավիճակից։ Wall Street Journal-ը գրում է, որ զինյալները Դամասկոսը գրավելուց հետո մտնելով Ասադի լքված աշխատասենյակ, տեսել են սեղանի վրա դրված հանգստացնող դեղահաբեր, կես բաժակ սուրճ, ռուսական բանակի պատմության մասին գիրք, հյուսիսարևելյան Սիրիայի քարտեզը, տասնյակ ծխախոտի մնացորդներ և հեռակառավարման վահանակ։