Վաղը Գյումրին նոր ժամանակավոր քաղաքապետ կունենա, բայց այսօր արդեն Շիրակը մարզպետ չունի։ ՔՊ-ական մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նա այսօր կառավարության շենք մտնելիս ասել էր՝ տեղյակ չէ իր պաշտոնանկության մասին, բայց նիստի ընթացքում վարչապետը հայտարարեց, թե դիմումն արդեն գրել է։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, այդպես էլ չասաց, թե ինչ դժգոհություն ունի մոտ երկու տարի պաշտոնավարած Մուրադյանից։
Երկու շաբաթ առաջ վարչապետը կառավարության նիստի ժամանակ Մուշեղ Մուրադյանին խիստ նկատողություն էր արել՝ Վահրամաբեդի դպրոցում բնագիտության սենյակը բանակի կազմակերպչական զորահավաքային վարչության պետի անունով անվանակոչելու ու այդ միջոցառմանը մասնակցելու համար։
Այդ օրվանից արդեն սկսեցին լուրեր պտտվել, որ վարչապետը հրաժարական տալու մի հաղորդագրություն էլ Մուշեղ Մուրադյանին է ուղարկելու։ Արդեն նախկին մարզպետը ՔՊ-ական պատգամավոր, ՔՊ Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանի մտերիմներից է, որը Գյումրիի ժամանակավոր քաղաքապետի նախնական ընտրություններում պարտված թեկնածուներից մեկն է։
«Ազատության» տեղեկություններով՝ Շիրակի նոր մարզպետ կնշանակվի երեկ պատգամավորի մանդատից հրաժարված Դավիթ Առուշանյանը։ Նա ևս փրայմըրիզի մասնակից էր ու երկրորդ տեղն էր զբաղեցրել։
Կառավարությունն այսօր վաղաժամ դադարեցրեց նաև Գյումրիի ավագանու լիազորությունները, միևնույն ժամանակ արտահերթ ընտրություններ նշանակելու որոշում կայացրեց։ Վարչապետը հայտնեց, որ փրայմըրիզի հաղթող թեկնածուին՝ Սարիկ Մինասյանին վաղը կնշանակի Գյումրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։
«Այս օրենքների փաթեթներով հնարավորություն է ստեղծվում, Գյումրի քաղաքի քաղաքապետի պարտականությունների պաշտոնակատար նշանակել վարչապետի կողմից: Վաղը ես նախնական քվեարկության արդյունքներով կկատարեմ այդ նշանակումը», - հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
Ավագանու լիազորությունների վաղաժամ դադարեցումը կառավարությունը հիմնավորեց ՏԻՄ օրենքի պահանջով, որ վերջին 3 ամսում ավագանին նիստ չի գումարել։
Ավագանին իր 20 անդամով կշարունակի գործել, մինչև նորն ընտրվի, կարող են նիստեր գումարել, եթե, իհարկե, քվորում ապահովվի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից փոխանցեցին՝ Գյումրիի արտահերթ ընտրությունները կկայանան մարտի 30-ին։
Լուծարված ավագանու ընդդիմադիր ուժերից «Ապրելու երկիր»-ը կմասնակցի արտահերթ ընտրություններին, բայց խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը կառավարության այսօրվա որոշման մեջ տարօրինակ է համարում ուժի մեջ մտնելու երկամսյա ժամկետը։
«Եթե այդ որոշումը վաղն ուժի մեջ մտներ, վաղվանից հաշված 40 օր հետո մենք կունենայինք արտահերթ ընտրություններ և այդ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանություն, իսկ հիմա իրենք օրենքը փոխելով իրենց գործողությունները հերթական դասավորելով հասցնում են այն կետին, որ նշանակում են պաշտոնակատար, մի բան էլ դրանից հետո երկու ամիս պահանջվում է, որ իրենց ընդունած որոշումն ուժի մեջ մտնի», - ասաց Մալխասյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն ասում է՝ կուսակցությունում կքննարկեն, կհասկանան մասնակցելու են արտահերթին, թե՝ ոչ։ Նրա կարծիքով՝ իշխանություններն արտահերթ ընտրությունների որոշումը 2 ամիս անց ուժի մեջ մտցնելով ժամանակ են ձգում, այնինչ իրենք պահանջում էին հնարավորինս շուտ անցկացնել արտահերթը։
ՔՊ-ից համայնքապետի ձեռքում վարչական ռեսուրսի կենտրոնացումն ու այն արտահերթի ժամանակ կիրառումը բացառում են։