Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո երկրորդ գիշերը իսրայելական բանակը լայնածավալ հարձակում է իրականացրել Սիրիայի վրա՝ մոտ 250 հարված հասցնելով ռազմական և ռազմավարական օբյեկտներին՝ թիրախավորելով հակաօդային պաշտպանության օբյեկտները, սիրիական ռազմածովային ուժերի նավերը, ինչպես նաև ռազմական պահեստները: Մայրաքաղաք Դամասկոսում և շրջակայքում հարվածներ են հասցվել ռազմական օբյեկտներին, հետազոտական կենտրոններին։
Իսրայելական հարվածներից ամբողջությամբ ոչնչացվել է Պաշտպանության նախարարության հետազոտական կենտրոնը, որը արևմտյան երկրները, ներառյալ Միացյալ Նահանգները մի անգամ արդեն ռմբակոծել են 2018 թվականին՝ համարելով այն Սիրիայի «քիմիական զենքի ենթակառուցվածքների» հետ կապված օբյեկտ։
Հաղորդումներ են ստացվում նաև, որ իսրայելական զորքը խորանում է Սիրիայի տարածքում և առաջ է շարժվում դեպի Դամասկոս։ Իսրայելը հաստատել է, որ գիշերը ոչնչացրել է սիրիական ռազմական նավատորմը, սակայն հերքել է իր ցամաքային առաջխաղացումը՝ նշելով, որ իսրայելական ուժերը տեղակայվել են միայն Գոլանի բարձունքին հարող բուֆերային գոտում և որոշ ռազմավարական նշանակության կետերում։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Սիրիայի հարավում պաշտպանական գոտի է ստեղծվելու առանց իսրայելական մշտական ներկայության։
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը, սակայն, այսօր Իսրայելին կոչ է արել դադարեցնել իր ռազմական տեղաշարժերն ու ռմբակոծությունները Սիրիայի ներսում։ Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան դատապարտել են Իսրայելի գործողությունները` նրան մեղադրելով Սիրիայում իրավիճակից օգտվելու և միջազգային իրավունքը խախտելու համար։
Անցումային կառավարության ղեկավարը կլինի Մուհամմեդ ալ-Բաշիրը
Հայտնի է, թե ով է լինելու սիրիական ընդդիմության անցումային կառավարության ղեկավարը, ըստ Al Jazeera-ի՝ անցումային վարչապետը կլինի Մուհամմեդ ալ-Բաշիրը, որը համարվում է Ասադին տապալած հիմնական ուժի՝ ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի ու Եվրամիության կողմից ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի մերձավորը։
Ինքը՝ Ջուլանին, հայտարարել է, որ Սիրիայի նոր իշխանությունները պատրաստվում են պատասխանատվության ենթարկել ուժային կառույցների այն աշխատակիցներին, որոնք կասկածվում են խաղաղ բնակիչների դեմ կտտանքների կիրառման մեջ, որ հետապնդելու են ռազմական հանցագործներին և պահանջելու են նրանց արտահանձնումն այն երկրներից, որտեղ նրանք ապաստանել են։
Ուշագրավ է, որ այժմ, երբ ահաբեկչական ճանաչված այս կազմակերպությունը փաստացի վերահսկում է Սիրայի մի մասը, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը հայտարարել է, որ պայմանավորվածությունները պետք է հնարավորինս ընդգրկուն լինեն և ներառեն նաև ահաբեկչական ճանաչված կազմակերպություններին, ինչպիսին է «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը։ Նա հավելել է, որ այդ կազմակերպությունը ահաբեկչական է համարվել 9 տարի առաջ, իսկ այժմ իրականությունն այլ է. - «Այժմ իրականությունն այն է, որ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը, ինչպես նաև մյուս զինված խմբավորումները սիրիացի ժողովրդին լավ ուղերձներ են ուղարկում միասնության, ներառականության մասին»:
Գերմանիան ու Ֆրանսիան պատրաստ են աշխատել սիրիական ապստամբների խմբավորումների հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ևս հայտարարել են, որ պատրաստ են աշխատել սիրիական ապստամբների խմբավորումների հետ, որոնք պաշտոնանկ արեցին նախագահ Բաշար ալ-Ասադին։
«Շոլցը և Մակրոնը համաձայնել են, որ պատրաստ են աշխատել նոր կառավարիչների հետ՝ հիմնվելով մարդու հիմնարար իրավունքների և էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության վրա»,- ասվում է Գերմանիայի կառավարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի ուշ երեկոյան։
Ահաբեկչական ճանաչված սիրիական խմբավորումների նկատմամբ վերաբերմունքի հնարավոր փոփոխության մասին խոսակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ խմբավորման հռետորաբանությունը փոխվել է, քանի որ այն ձգտում է իրեն հեռու պահել «Ալ-Քաիդայի» հետ ունեցած նախկին կապերից։