«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրիի քաղաքապետ ընտրելու օրակարգով նոյեմբերի 8-ին արտահերթ նիստ է հրավիրել։ Ավելի վաղ կուսակցությունից հայտնել էին, որ պատրաստվում են արտահերթ ընտրությունների։
Ի՞նչ փոխվեց, արդյոք պատրաստվո՞ւմ են ավագանու իրենց 11 հոգանոց կազմից համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրել։ Խմբակցության անդամները «Ազատության» զանգերին չեն պատասխանել, իսկ կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանն ասաց՝ թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցին չի կարող պատասխանել, նիստի օրն ամեն ինչ պարզ կդառնա։
Ինչ վերաբերում է արտահերթ նիստին, ապա Սարուխանյանը պնդում է, որ ստեղծված քաղաքական ճգնաժամին պետք է ավելի արագ լուծում տալ. - «Մենք՝ համենայն դեպս որպես իշխող ուժ, որպես կենտրոնական իշխանություն, հակված ենք, որ Գյումրիում ստեղծված քաղաքական ճգնաժամը հնարավորինս շուտ հանգուցալուծվի, և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկը և նախաձեռնությունը, որ արտահերթ նիստ տեղի ունենա քաղաքապետի ընտրության օրակարգով, այդ կոնտեքստում է»։
ՔՊ-ի Գյումրիի համայնքապետի թեկնածուն, ի դեպ, հենց Կարեն Սարուխանյանն է, երեկ վերահաստատել էր խորհրդարանի խոսնակը։
Արդյոք այս արտահերթ նիստը նախաձեռնելով՝ ՔՊ-ն փորձում է գործընթացը արագացնել, որպեսզի ի վերջո առանց իշխանության մնացած Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացվեն, Սարուխանյանն ասաց. - «Հենց մեր խմբակցության, որ արտահերթ նիստ հրավիրենք, հենց այդ մասին է, որպեսզի հետագայում այլ ընդդիմադիր խմբակցություններ մեզ որպես կենտրոնական իշխանություն չմեղադրեն, որ մուրճը իրենց ձեռքն էր, բայց քայլեր չձեռնարկեցին»։
Արտահերթ նիստը կկայանա, եթե ավագանու 20 անդամներից 17-ը ներկա լինեն։ 3 մանդատ ունեցող «Զարթոնք» խմբակցության ղեկավար Գոռ Մանուկյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դեռ չեն քննարկել մասնակցել-չմասնակցելու հարցը։ Իսկ 2 մանդատ ունեցող ՀՀԿ-ն արդեն որոշել է, որ ՔՊ-ի օրակարգով հրավիրած նիստին չի գնա։
2 մանդատ ունեցող «Ապրելու երկիր» խմբակցությունում դեռ վերջնական որոշում չունեն։ Այս ուժը հակված է շուտափույթ արտահերթ ընտրությունների անցկացմանը, որպեսզի կառավարման ճգնաժամը երկրորդ քաղաքում հնարավորինս շուտ հանգուցալուծվի, բայց խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն ասում է՝ պետք է խուսափեն Երևանի սցենարի կրկնությունից։
«Դրա համար պետք է կողմ քվեարկել, դեմ քվեարկել, ներկա չգտնվել. այս պահին քննարկումների փուլում ենք, հասկանանք, թե որ քայլն է ճիշտ, որպեսզի մեր հետագա քայլերին չվնասի այն առումով, որ մենք միանշանակ եթե «Քաղաքացիական պայմանագիրն» ունենա համայնքապետի թեկնածու, այդ թեկնածուին կողմ չենք քվեարկելու, բայց այնպես էլ չստացվի, որ կրկնվի Երևանի օրինակը, և մենք հանկարծ ներկա գտնվենք, այդ պարագայում մեր կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկելը ոչ մի էական նշանակություն չունի», - ասաց նա։
Ավագանին վաղաժամ կարող է լուծարվել 2 պարագայում՝ մինչև նստաշրջանի ավարտը՝ դեկտեմբերի վերջ նիստեր չգումարելով կամ համայնքի ղեկավարի ընտրութան օրակարգով արտահերթ նիստ հրավիրելով։ Այս դեպքում ավագանին կարող է 14 օրվա ընթացքում նույն օրակարգով նիստ հրավիրել։ Եթե այս ընթացքում ավագանին իր կազմից համայնքի ղեկավար չընտրի, կառավարությունը մինչև ամսվա վերջ կլուծարի այն։ Դրանից հետո, ըստ օրենքի, ամենաուշը 40 օրյա ժամկետում արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեն։ Այս հաշվարկով այն հունվարի առաջին կեսին կկայանա։
Գյումրիի իշխող ուժը՝ «Բալասանյան» դաշինքը նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու մերձավորների դեմ հարուցված քրեական գործից հետո անցած շաբաթ ողջ կազմով հրաժարական տվեց։