Մատչելիության հղումներ

«Գոյ» թատրոնի շուրջ հանգույցը շարունակում է սեղմվել


«Գոյ» թատրոնի շուրջ հանգույցը շարունակում է սեղմվել. չնայած գործը դեռ դատարանում է, կառավարությունը նոր դիմում է ներկայացրել թատրոնին՝ պահանջելով ստորագրել «Գոյ»-ը Մայր թատրոնի կազմում ընդգրկելու վերաբերյալ պայմանագիրը։

«Գոյ»-ը դեռ ամռանը վարչական դատարան էր դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որի համաձայն թատրոնը պետք է լուծարվեր ու միանար Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին։

Վարչական դատարանից գործը հիմա քաղաքացիական է տեղափոխվել։ Թատրոնի Փաստաբան Կարո Ասատրյանը կառավարության այս շտապողականությունը առնվազն իրավաչափ չի համարում։

«Գործողություններ են կատարվում, որոնք, ըստ էության, չպետք է կատարվեն պարզ տրամաբանությամբ, քանի որ դատարանի տիրույթ է գործընթացը», - նշեց Ասատրյանը:

Այսօր թատրոնի 35-ին ամյակի կապակցությամբ բաց քննարկում էին կազմակերպել։ Գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը կրկին պնդեց՝ թատրոնը փակելու պետության ցանկության մեջ միտում է տեսնում. խաղացանկում քաղաքական, քննադատական թեմատիկան շատ է. Օրուլեի «Անասնաֆերման», «Գարեգին Նդժեհ. իրական առասպել» պատմական հետազոտությունը։

«Խնդիրն արդեն դատարանն է, դատարանը վերցրել է քննության խնդիրը, իսկ նրանց, իմ խորին համոզմամբ, բանը այն է, որ գան, ընդունեն թատրոնի գույքը և անմիջապես մտնեն նորոգման, ինչպես արվում է Մհեր Մկրտչյան թատրոնում, ինչպես, ասում են, արվում է Կամերայի երաժշտության թատրոնում, որտեղ մի ժամ փորձ չի եղել երիտասարդկան սիմֆոնիկ նվագախմբի», - ասաց Սահակյանը:

Քննարկման հրավիրյալներից ոչ փոխնախարար Դանիել Դանիելյանը, ոչ էլ Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, այդպես էլ չներկայացան. Սահակյանը տարակուսած էր՝ տևական ժամանակ է կառավարության որոշումը ներկայացնում են որպես «Գոյ»-ի համար ավելի լավ պայմաններ ստեղծելուն միտված քայլ, բայց ամիսներ շարունակ թատերախմբի հետ անգամ խոսել չեն ցանկանում, գեթ մի ներկայացում մինչև օրես չեն դիտել։

«Այժմ այն կողմը, որը պատրաստվում է մեզ գրկաբաց ընդունել և մտածում է մեր կենցաղային պայմանների բարելավման, ստեղծագործականի բարելավման մասին այդքան ջանասրտորեն, բացակայում է զրույցից», - ասաց Արթուր Սահակյանը:

Նախարարությունն ավելի վաղ բացատրել էր, որ թատրոնի լուծարման մտադրությունը բարի նպատակ ունի. հիմնավորում էին, որ միավորումը ֆինանսական, կառավարման խնդիրներ կլուծի։ Թատրոնի տնօրենի պաշտոնակատար Սարգիս Արզումանյանը, սակայն, այսօր վիճակագրություն ներկայացրեց՝ պնդելով՝ նախարարության ներկայացված պահանջները կատարել են, քննադատելու տեղ չկա. տարվա կտրվածքով նախատեսված 82 ներկայացումից 89-ն արդեն խաղացել են։ Տարին դեռ չի ավարտել, բայց հանդիսատեսի ու եկամուտների թիվն էլ շատ մոտ է պահանջվածին։

«Եկամուտը տարվա կտրվածքով մեզ մոտ պետք է լինի 11 միլիոն 326 հազար 500, դեռ 10 միլիոն 517 հազար 200 է, մենք դեռ ունենք դեկտեմբեր ամիս, նոր ներկայացումներ, պրեմիերաներ պետք է լինեին ընդամենը երկուսը, բայց այս տարի մենք ունենք 5 պրեմիերա: Սա այն դեպքում, երբ մենք մեկ ամիս մեր 35-ամյակին նվիրված խաղացել ենք անվճար», - ներկայացրեց Արզումանյանը:

Փոխնախարարը զբաղված էր, այդ պատճառով չի մասնակցել քննարկմանը։ Նախարարությունից «Ազատությանն» այսքանը փոխանցեցին՝ հավելելով կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի որոշումը սահմանված կարգով ուժի մեջ է և իրականացվելու է։

Պետության վերաբերմունքը թատրոնին անտարբերություն որակելով ՝ Գոյում պնդում են՝ թատրոն-հանդսատես կապը դրանից չի տուժի. դեկտեմբերը լի է ներկայացումներով, այդ թվում պրեմիրեայով։

XS
SM
MD
LG