Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, մեկնաբանելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ըստ որի, իշխող ուժը ստացել է ձայների 53 տոկոսը, պնդել է, որ «բազմաթիվ հայրենակիցներ դուրս են եկել՝ պաշտպանելու Վրաստանի ազգային շահերը, կենսական շահերը, ապահովելու խաղաղությունն ու երկրի անխոչընդոտ զարգացումը»։
Ընտրություններին հաջորդած կառավարության առաջին նիստի ընթացքում Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել միջազգային դիտորդներին, այդ թվում՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչներին՝ նշելով, որ «մրցակիցները դժգոհ են» նրանց գնահատականից։
«Ընդդիմությունը չի կարողանում համակերպվել ընտրական պարտության հետ, և նրանց կողքին կանգնում են այն հասարակական կազմակերպությունները, որոնք այս տարիների ընթացքում պայքարել են իրենց ֆինանսների անթափանցիկության համար։ Այս ուժերը կրկին ընդդիմանում են մեր երկրում սահմանադրական կարգին. <...> Այս երկրում ոչ ոք չի կարող սասանել սահմանադրական կարգը», - հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարը։
Կոբախիձեն միաժամանակ վստահեցրել է, որ պաշտոնական Թբիլիսիի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը մնում է եվրաինտեգրումը։
Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ընտրություններին 12 տարի իշխանության ղեկին գտնվող ռուսամետ «Վրացական երազանք»-ը հավաքել է ձայների ավելի քան 50 տոկոսը։ Ընտրությունների ընթացքում իրավապաշտպաններն ու լրատվամիջոցները բազմաթիվ խախտումների մասին են հաղորդել՝ նշելով, որ ընտրություններն անցել են անհավասար պայմաններում, ճնշումներով և լարվածությամբ։ Անցողիկ շեմը հաղթահարել են 4 ընդդիմադիր կուսակցություններ, սակայն նրանցից 3-ը հայտարարել են, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։ Քվեարկության արդյունքները չի ընդունում նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ։